Կալանավորվել է Աբրահամ Ռուսոյի գործով երկրորդ կասկածյալը

Դատարանը կալանավորել է երգիչ Աբրահամ Ռուսոյին առևանգած և ծեծած երկրորդ կասկածյալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի դատարանը կալանավորել է Վլադիմիր Գուսակովին` գործարար Թելման Իսմայիլովի նախկին վարորդին, երգիչ Աբրահամ Ռուսոյին առևանգելու և ծեծելու մասին գործով։ Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ռուսոյից մինչև Պետրոսյան. երիտասարդ գավառացին թիրախավորե՞լ էր տաքարյուն հայերին

Նշվում է, որ դատարանը բավարարել է քննիչների` Գուսակովին մինչև նոյեմբերի 17-ը ձերբակալելու միջնորդությունը։

Ավելի վաղ իրավապահ մարմինները նույն գործով ձերբակալել էին «Պրահա» ռեստորանի գլխավոր տնօրեն Զաուր Մարդանովին` Չեքիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի ազգականին։

Մարդանովին ձերբակալել են նրա տանը այս տարվա սեպտեմբերի 17-ին։ Դրանից հետո նրա տանը խուզարկություն է կատարվել։

Քննությունը կարծում է, որ հանցագործության պատվիրատուն Թելման Իսմայիլովն է։ Կասկածում են, որ նա 2004թ-ին ցանկացել է ստիպել արտիստին «համատեղ համերգային գործունեություն վարել» երգչի համար ոչ ձեռնտու պայմաններով։ Այդ նպատակով Իսմայիլովը համախոհների հետ ծեծել և առևանգել է երգչին, ինչպես նաև ստիպել է կատարել իր բոլոր պահանջները։

Նշենք, որ Իսմայիլովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված 2016թ-ին Մերձմոսկվայում երկու գործարարների սպանությունը կազմակերպելու մեղադրանքով։