ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի կառավարությունը մինչև տարեվերջ կհետաձգի բեռնատարներով հացահատիկ տեղափոխելու արգելքը։
Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը՝ այդ մասին հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին։
Վրացական կառավարությունն արգելքը բացատրել է նրանով, որ հացահատիկ տեղափոխող բեռնատարներից ճանապարհն ավելի շատ է մաշվում, քան մյուս բեռներից։ Ուստի հացահատիկ կարելի է տեղափոխել միայն երկաթուղով։
Որոշումն անհանգստացրել էր ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի բեռնափոխադրողներին։ Վրաց վարորդները բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպել Թբիլիսիի արվարձանում, իսկ հայերը` վրացական սահմանի մոտ Բագրատաշեն հսկիչ անցակետում։ Օրերս արգելքը հետաձգել էին մինչև հոկտեմբերի 1–ը, բայց հիմա որոշել են տեղափոխել մինչև տարվա վերջ։