Հիմա չենք կարող համաֆինանսավորել, բայց ամեն ինչ կանենք ծրագիրը իրագործելու համար. Պապիկյան

Նախարարը ներկայացրել է, թե դրսում ապրող տավուշցիների ինչ ծրագրեր են պլանավորել հարազատ մարզի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. «Տավուշում հիմնվելու է մարզում նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Քայլ դեպի Տավուշ». ինչու՞ են Փաշինյանի հարուստ համերկրացիներին Հայաստան հրավիրել

Նախարարը կարևորեց նաև Տավուշում անցկացված գործարար համաժողովը, որին մասնակցել է 100 գործարար, այդ թվում՝ արտասահմանից:

«Մովսես գյուղի բնակիչներ, ովքեր ապրում են ՌԴ-ում, խոստացել են 200 հազար դոլար ներդրում կատարել՝ դեպի Մովսես տանող ճանապարհահատվածի նորոգման համար: Կառավարությունը չի կարող համաֆինանսավորել այս տարի, բայց ամեն ինչ կանենք ծրագիրը կյանքի կոչելու համար»,- խոստացավ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9–ին Տավուշի Իջևան քաղաքում կայացել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը։ Համաժողովին մասնակցող արտասահմանում և ՀՀ-ում բնակվող տավուշցի մի շարք գործարարներ ներկայացրել են տարբեր ոլորտներում բիզնես ծրագրերի առաջարկներ` ելակի արտադրություն, ինտենսիվ գյուղատնտեսություն, շինանյութերի արտադրություն և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագրերը վերջնական տեսքի կբերվեն և կներկայացվեն համապատասխան գերատեսչություններ: