Հայաստանում «լևի» խողովակներով գողանում են Սևանի ջուրը

Մարզերում բազմաթիվ պաշտոնյաներ դեռ անփութորեն են վերաբերվում իրենց աշխատանքին և չեն վերահսկում ջրային պաշարների օգտագործման գործընթացը, կարծում է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Ոռոգման գրի օգտագործման գործընթացը ստուգելու ընթացքում բազմաթիվ չարաշահումներ են բացահայտվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Այս ամառ երկրում ոռոգման ջրի պակաս կար։ Խնդիրը լուծելու համար Հայաստանի կառավարությունն առաջարկեց 40 միլիոն խորանարդ մետրով ավելացնել Սևանից ջրառը` հասցնելով 210 միլիոնի` օրենքով նախատեսված 170 խմ-ի փոխարեն։ Օգոստոսի 29-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց համապատասխան նախագծին։

Ստուգումների ընթացքում պարզվել է, որ մինչ ոռոգման ջուրը հասել է ջրօգտագործողներին, դրա մի մասը «ձախ» խողովակներով գողացել են։ Այսպիսով, իրավախախտները վերցրել են ջուրը և օգտագործել իրենց տարածքներում կամ ավելի մատչելի գներով վաճառել գյուղացիներին, բացատրեց Պապիկյանը։

«Բացի այդ, մենք պարզել ենք, որ իրականում հողատարածքների մակերեսը, որոնք ոռոգման կարիք ունեն, զգալիորեն պակաս է նրանից, ինչ նախկինում հայտարարվել էր», — ասաց նախարարը։

Պապիկյանի կարծիքով` բազմաթիվ պաշտոնյաներ դեռ անփութորեն են վերաբերվում իրենց աշխատանքին և չեն վերահսկում ջրային պաշարներն օգտագործելու գործընթացը։

Նա հայտնեց, որ ջրի օգտագործումը վերահսկելու համար մարզպետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք ամեն օր զեկույցներ են ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։

Արմավիրի «ծարավ» գյուղերին Սևանի ջուրը չի հասնի. ինչպե՞ս լուծել գյուղացիների խնդիրը

«Տվյալ պահին Սևանից բաց է թողնվել 26,5 միլիոն խմ ջուր։ Գործընթացը խստորեն վերահսկվում է, և բոլորը պետք է լրջորեն մոտենան այդ հարցին», — ասաց նախարարը։

Ինտենսիվ ոռոգման շրջանում` օգոստոսի 25-ից հոկտեմբերի 1-ը, Արարատյան դաշտում ոռոգման ջրի պահանջարկը կազմում է 80 միլիոն խմ։ Դրանցից 40 միլիոնը գյուղացիները կստանան Սևանից, ևս 19 միլիոնը կապահովվի պոմպակայանների լրացուցիչ աշխատանքի հաշվին, 7 միլիոնը` Ազատի ջրամբարի, 17 միլիոնը` Հրազդան գետից։