Ինչքան ջուր կվերցնի ներքաղաքական «աջաբսանդալը» Հայաստանում. վերլուծում են քաղաքագետները

Հայաստանում առկա ներքաղաքական կրքերն են վերլուծվել «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Նոր Հայաստան, նոր մարտահրավերներ» քննարկման ժամանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Քաղաքական կաթսան Հայաստանում ամեն օր է եռ գալիս: Կաթսայի կափարիչը ոչնչով և ոչ մի կերպ փակել չի լինում: Այս կարծիքին են «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած քննարկման մասնակիցները՝ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը և քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Քաղաքական օրակարգը դարձել է հասարակության թիվ մեկ թեման՝ խոսելու, սեփական կարծիքը դիմացինի պարանոցին հնարավորինս ամուր փաթաթելու և վերջում խոհարարական գլուխգործոց՝ աջաբսանդալ սարքելու համար:

Ինչու է Պուտինն այդքան հաճախ հանդիպում Փաշինյանի հետ

Դիպլոմավորված «խոհարարները»՝ քաղաքագետները, նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին մեծ տորթ թխելու զգուշավորությամբ են մոտենում ու մտորում՝ տորթը կարող է բարձրանալ, կարող է այդպես էլ մնալ կաթսային կպած:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն, օրինակ, թավշյա հեղափոխությունը դարակազմիկ երևույթ է համարում հայերիս համար: Դեսպանը միայն մի մտավախություն ունի. ժողովրդի մեջ էյֆորիան անասելի թափով է զարգանում: Նրա կարծիքով՝ պատմության դասերը վերհիշելու կարիք կա մի պարզ պատճառով՝ հեղափախությունը խաղաղ տարրից բացի ունի նաև հակահեղափոխական սեգմենտ:

«Արտաքին քաղաքական տիրույթում մեզ համար թիվ մեկ մտահոգության հարցը պետք է լինի Նախիջևանը: Աչքներս բաց և արթուն մտքով պիտի հետևենք նաև Ադրբեջանի քայլերին»,-նշում է Նավասարդյանը:

Ըստ նրա՝ մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, կարծում է, որ մենք գնում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետքերով. այնտեղ ինֆորմացիայի սխալ արտահոսք կա: Արման Նավասարդյանը թեմայի կարճ բանաձևումը հետևյալ կերպ տվեց՝ թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով չեն անում:

1 / 2
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Նոր Հայաստան, նոր մարտահրավերներ» քննարկում
2 / 2
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր Գևորգ Թադևոսյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ձեռք բերված նոր Հայաստանը մենք ամուր պիտի պահենք. մենք չենք կարող գնալ ո՛չ Ուկրաինայի և ո՛չ էլ Վրաստանի ուղիով: «Այդ պետությունները որոշակի տարածքներ կորցրին, իսկ մենք կարող ենք ոչ ավել, ոչ պակաս մեր պետականությունը կորցնել»,-հիշեցնում է Բոզոյանը: Քաղաքագետը չի կիսում Արման Նավասարդյանի այն կարծիքը, ըստ որի՝ մեր մասին Ռուսաստանում ինֆորմացիայի թյուրըմբռնում կա: Բանախոսը առանձնացրեց մեր տեղն ու դերը հասկանալու հարցը, այլապես 1915 թվականի հարվածից ոչ պակաս հարված կստանանք:

Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանն արտաքին քաղաքականությունը համարեց ներքին քաղաքականության շարունակություն: Նրա կարծիքով՝ ներքաղաքական լարվածության թոթափումը կօգնի նաև արտաքին քաղաքական դաշտում: Իսկ ահա երկիրը սևերի և սպիտակների բաժանելը մեզ լավ բանի չի բերի:

Վերջում բանախոսները նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները թեմայով «ճաշատեսակի» պատրաստման համառոտ բանաձևումը տվեցին:

Արման Նավասարդյանը առաջնային համարեց արտաքին քաղաքականության ճիշտ հայեցակարգ մշակելու հարցը: Բերելով Ավստրալիայի օրինակ՝ նա մատնանշեց, որ զարգացած երկրներում ժողովուրդն այսքան շատ քաղաքականությամբ չի զբաղվում:

Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանն էլ նշեց՝ նոր Հայաստանում անհարկի շտապողականություն է ցուցաբերվում: