ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Արցախի հարցում ցանկացած անզգույշ խոսք կարող է բերել շփման գծում կրակոցների ավելացման։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանը քննադատել է Փաշինյանի` Երևանի հանրապետության հրապարակի ելույթը, որի ընթացքում ներկայիս վարչապետը ԼՂՀ կարգավորման հարցի վերաբերյալ մի քանի կտրուկ արտահայտություններ է թույլ տվել։
«Արցախի մասին երկար բանակցություններ եմ վարել դեռ Արցախի նախագահ եղած ժամանակ։ Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ցանկացած պատերազմ։ Հարցն այն չէ, որ կեցվածք ընդունես և կարգախոսներ ասես, որոնք ոգևորված ամբոխը կընդունի պոպուլիստական քողի ներքո», – նշել է ՀՀ նախկին նախագահը։
Նրա խոսքով` Երևանը պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնի, որը կնպաստի շփման գծում լարվածության նվազմանը։ Միևնույն ժամանակ, ոչ մի դեպքում չի կարելի զիջել դիրքերը։
«Սա այն թեման չէ, որը պետք է հանրահավաքներին քննարկումների առարկա դարձնել։ Ցանկացած անզգուշություն անհապաղ պատասխան կստանա շփման գծում կրակոցների աշխուժացմամբ, ինչը կվտանգի այսօր խրամատներում կանգնածների կյանքը։ Դրանից պարզապես հրաժարվել է պետք», – նշել է Քոչարյանը։
ՀՀ նախկին նախագահին զայրացրել է այն փաստը, որ նման արտահայտություններ անում է մի մարդ, որը բանակում չի ծառայել և առաջնագծում չի եղել։
«Այսօր կառավարությունում ծառայություն անցած մարդիկ գրեթե չկան։ Բնականաբար, բանակցային դիրքերում սկզբունքորեն հետ քայլեր չի կարելի անել, սակայն կարգավորման խնդիրը պոպուլիստական թեմա դարձնելը չափազանց անպատասխանատու է», – նշել է պետության նախկին ղեկավարը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահին կոչ է արել Բաքվից որդուն ուղարկել ծառայելու առաջնագծում։