Չափուսահմանն անցան. ինչպես են վիճել Նաիրա Զոհրաբյանն ու Հայկ Մարությանը

Հաջորդ երկուշաբթի Երևանի ավագանու ընտրությունները պատմություն կդառնան, իսկ հիմա կրքերի թեժացման փուլն է։ Հիմնական հակառակորդները հաղթահարել են քաղաքակիրթ երկխոսություն կոչվող մանկական հիվանդությունը, և գործի են դրվել բոլոր մահացու մեղքերում իրար մեղադրելն ու սոցիալական ցանցերում ճնշումներ գործադրելը։
Sputnik

Երևանի ավագանու ընտրությունները, անշուշտ, կուրվագծեն գալիք խորհրդարանական ընտրությունների ուժերի դասավորությունը` անկախ նրանից, թե դրանք երբ տեղի կունենան։ Իհարկե, հեռանկարում հնարավոր են ցանկացած շրջադարձեր, ինքնաբուխ ստեղծված կոալիցիաների ստեղծում և դրանց անկում, բայց այսօր նշմարվում են երկու հիմնական ուժեր` միմյանց ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիրը» և «Բարգավաճ Հայաստանը»։

Անհանդուրժողականության դառը պտուղները. ինչո՞ւ Հայաստանում քաղաքականությունը խամրեց

Աշխարհիկ հասարակության շրջանակում ընդդիմության երաժշտությունը երկար չհնչեց, և կողմերն արագ անցան փոխադարձ կշտամբանքների, վհուկների որսի և մեղադրանքների։ Ընտրություններին մասնակցող մյուս ուժերը նախընտրում են որոշակի տարածությունից խելամտորեն նայել այդ գզվռտոցին, որպեսզի իրենց վրա չցայտեն այն ամենի շիթերը, ինչը վերոհիշյալ կողմերը նետում են միմյանց վրա։

Օրերս Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեսյբուքյան էջում գրել էր, որ այսուհետ ընտրությունները պետք է ընթանան ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական։ Չգիտեմ, թե կոնկրետ ինչպես դրանք տեղի կունենան, բայց այն, որ դրանց վիճակված չէ լինել քաղաքակիրթ, արդեն ակնհայտ է։

Որովհետև փոխադարձ քննադատությունը, և դա առաջին հերթին նշում է ԲՀԿ-ն, անցնում է թույլատրելի սահմանները և ավելի շատ առանձնանում սպառնալիքներով և վիրավորանքներով։ Այն աստիճան, որ կուսակցությունը պատրաստվում է նյութեր ներկայացնել միջազգային կառույցներ, իսկ առայժմ Զոհրաբյանը Մարությանին հրավիրել է բանավեճերի, բայց առանց Նիկոլ Փաշինյանի ուղեկցության։ Հասկանալի է, որ այդ ձևաչափում ոչ մի բանավեճ չի կարող լինել։ Մարությանը պարզապես չի գնա դրան, քանի որ չունի ո՛չ համապատասխան կոփվածություն, ո՛չ էլ բանավեճերի փորձ։

Ով ում բարեկամն է. ԲՀԿ–ն «Իմ քայլը» դաշինքում Սերժ Սարգսյանի բարեկամներին է գտել

Ի պատասխան այդ և շատ բաների, որում նրանց մեղադրում է ԲՀԿ-ն, իշխանության թեկնածուի ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանելու փորձերի մասին մեղադրանքներ են հնչեցրել։ Լուրջ մեղադրանք է։ Հաստատվելու դեպքում այն կարող է ունենալ ոչ միայն իրավական, այլ նաև հեղինակային լուրջ հետևանքներ։

Իսկ առայժմ փաստենք, որ ԲՀԿ-ն և նոր իշխանությունները պայքար են մղում մի բանի համար, որը չի սահմանափակվում ավագանիում մեծամասնություն կազմելու և քաղաքապետի աթոռին հասնելու ցանկությամբ։ Չափազանց շատ բան է վիճարկվում, ոչ ոք չի կարող նահանջել առանց դեմքը կորցնելու, ուստի մնում է միայն մի ելք` հաղթել։ Բացառված չեն նաև որոշակի պայմանավորվածությունները նույնպես դեմքը պահպանելու նպատակով, ընդ որում` քաղաքապետի ընտրություններում հնարավոր պարտությունը ավելի շատ բացասական հետևանքների կհանգեցնի հենց նոր իշխանությունների ներկայացուցիչների համար, որոնք հայտարարում են ընտրողների կողմից անսահման աջակցության մասին։

Իսկ երբ նախընտրական քարոզարշավը դիտարկում ենք ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական ուժերը, բացառությամբ մի քանիսի, նույնպես ընկել են պոպուլիզմի հզոր շիթի տակ և աջուձախ նախընտրական խոստումներ են շաղ տալիս` գործի գնելով երևակայությունը։ Խոսում են մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային խնդրի ակնթարթային լուծման, Երևանն աշխարհի ամենականաչ քաղաք վերածելու մասին։ Միաժամանակ, որքան շատ ավազե ամրոցներ են կառուցվում, այնքան քիչ է բացատրվում, թե ինչ փողով է կառուցվելու այդ ամենը։

Ճանապարհներ պլաստիկից և կանաչապատ այգիներ. «Հայքի» ծրագիրն ուղղված է Երևանի զարգացմանը

Մետրո կառուցելն առու փորել չէ, թեև մեզ մոտ հասարակ առուն ամիսներով են փորում։ Վերգետնյա տրանսպորտի հարցը նույնպես էժաններից չէ, բացի այդ մնացած նախագծերը նույնպես, որքան էլ զարմանալի լինի, ֆինանսական ներդրումներ են պահանջում, ընդ որում` բավական լուրջ ներդրումներ` սուղ բյուջեով քաղաքի և արտաքին մեծ պարտք ունեցող երկրի համար։

Եթե քաղաքները կառուցվեին հանրահավաքների ժամանակ հնչած խոսակցություններով, ապա մենք արդեն վաղուց կապրեինք տիեզերքի ամենահարմարավետ մայրաքաղաքում։ Ինչ-ինչ, բայց իրենց հանճարեղ մտքերը բարձրախոսներով հաղորդելու կարողությունն անհնար է խլել մեր կուսակցություններից ու քաղաքական շարժումներից։

Ամենատխուրն այն է, որ քաղաքապետի ընտրությունները վերածվում են քաղաքական մարտերի և հաշիվ մաքրելու։ Թվերով և համոզիչ տնտեսական վերլուծություններով ծրագրեր ներկայացնելու փոխարեն, որոնք կարող են օգնել խնդիրների մեջ թաղված քաղաքին և ավելի տանելի դարձնել երևանցիներին կյանքը, քաղաքական ուժերը ժամանակը և մտավոր ուժերը ծախսում են պիտակավորելու, նախկին իշխանության հետ կապեր ունենալու մեջ մեղադրելու, ընտրողներին սև-սպիտակ ներկելու և նմանատիպ այլ անարդյունավետ գործունեության վրա։

Թվում էր, թե ավելի հեշտ բան չկա. նախկին իշխանությունը վատն էր, ավելի վատ հնարավոր չէր պատկերացնել, ուրեմն ցույց տվեք, որ դուք հարյուր անգամ լավն եք։ Գործով ցույց տվեք, չէ՞ որ անելն ավելի լավ է, քան ասելը։