ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի բանակցությունները Սոչիում ավարտվեցին. ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին բանակցությունները մոտ 4.5 ժամ տևեցին։
Առաջնորդները զրուցեցին տարբեր ձևաչափերում. սկսելով նեղ կազմով հանդիպումից առաջնորդները շարունակեցին զրույցը պատվիրակության մասնակցությամբ աշխատանքային ճաշի շուրջ, որից հետո նրանք կրկին որոշ ժամանակ զրուցեցին նեղ ձևաչափով։
Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բովանդակալից և կառուցողական բանակցություններ է ունեցել։
«Սա մեր չորրորդ հանդիպումն է այս տարի. ինչպես գիտեք, 10 օր առաջ Թեհրանում մենք միասին մասնակցում էինք Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովին, որը նվիրված էր սիրիական կարգավորմանը», – ասաց Պուտինը Էրդողանի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով` ռուս–թուրքական համագործակցության վերաբերյալ ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ երկու առաջնորդն էլ փաստեցին երկկողմանի ապրանքաշրջանառության զգալի աճը։
«Այս տարվա 7 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 34%–ով` գերազանցելով 15 մլրդ դոլարը։ Իսկ ամբողջ անցած տարվա ընթացքում 40%–ով` մինչև 22 մլրդ։ Մեծամասամբ սա` Անկարայում ապրիլին բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի և պրոֆիլային նախարարությունների և գերատեսչությունների հետևողական աշխատանքի արդյունքն է», – նշեց Պուտինը։
Թուրքիայի առաջնորդի խոսքով` Թուրքիայի և ՌԴ համագործակցությունն աճում ու զարգանում է «ընդհանուր քաղաքական կամքի հիման վրա»։
«Տնտեսական ոլորտում մենք դրական արդյունքներ ենք ստանում։ Աճում է մեր ապրանքաշրջանառությունը։ Անցած տարվա համեմատ, երբ ապրանքաշրջանառությունն աճեց 31%–ով, այս տարի այդ շրջանառությունն աճել է 33%–ով», – ասաց Էրդողանը Պուտինի հետ բանակցություններից հետո։
Նա հիշեցրեց, որ ՌԴ նախագահի հետ «Ակկույու» ԱԷԿ–ի հիմքն է դրել։
Էրդողանը նաև հայտնել է, որ իրենք համաձայնել են Իդլիբի հարցը լուծել Աստանայի գործընթացի ոգով։