«Չնայած թավշյա հեղափոխությանը՝ դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը». Փաշինյան

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին:

Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հյուրերը Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ինչու է Պուտինն այդքան հաճախ հանդիպում Փաշինյանի հետ

Վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհակալություն հայտնել նրանց միջոցառումներին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից: Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:

ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ: