Ճանապարհներ պլաստիկից և կանաչապատ այգիներ. «Հայքի» ծրագիրն ուղղված է Երևանի զարգացմանը

«Հայք» ազգայնական կուսակցության քաղաքապետի թեկնածուն առաջարկում է օպտիմալացնել քաղաքապետարանի աշխատակազմն ու դադարեցնել ոչ արդյունավետ ծրագրերի ֆինանսավորումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական արշավն ամենաթեժ շրջանում է։ Թեկնածուները տարբեր ձևեր են ընտրել քարոզարշավի համար։

Երևանը` վիրաբույժի ձեռքերում․ ի՞նչ «միջամտություն» է առաջարկում Զեյնալյանը

Թեկնածուներից մեկը գերադասում է քայլել փողոցներով` աղաղակելով իր քաղաքական ուժի անունը։  Մյուսը մտադիր է գարեջուր խմել իր ընտրողների հետ։ Իսկ ահա «Հայք» ազգայնական կուսակցությունը կզրուցի ընտրողների հետ բակերում և այգիներում, կպատմի այն մասին, թե ինչպես կարելի է վերականգնել ազգային գաղափարախոսությունն ու զարգացնել քաղաքը։

Կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար և քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանն առաջնային է համարում քաղաքի արդյունավետ կառավարման հարցը։ Ըստ նրա, անհրաժեշտ է օպտիմալացնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ինչպես նաև մի շարք կառույցներ, որոնք քաղաքապետարանին ծառայություններ են տրամադրում։ Փոխարինել համապատասխան որակավորում չունեցող և պաշտոնն ավելի քան 10 տարի զբաղեցնող աշխատակիցներին ավելի պրոֆեսիոնալ աշխատողներով։

«Քաղաքի բնակիչները բողոքում են, որ վարչական շրջանների վարչակազմի, համատիրությունների և այլ կազմակերպությունների աշխատակիցները շորթմամբ են զբաղվում և չափազանց կոպիտ վերաբերվում քաղաքացիների հետ։ Անհրաժեշտ է դադարեցնել այդ պրակտիկան», – ընդգծեց նա։

Կարևորությամբ երկրորդ հարց Հովսեփյանը համարում է ֆինանսների տնտեսումը։ Նա մտադիր է վերջ դնել ոչ արդյունավետ ծրագրերի և միջոցառումների իրականացման համար գումարներ ծախսելուն։ Դրա փոխարեն միջոցներն ուղղել քաղաքի կանաչապատմանը, զբոսայգիների և պուրակների բարեկարգմանը, հին շենքերի վերականգնմանը։ Բացի այդ, թեկնածուն մտադիր է սկսել մսի վերամշակման գործարանի կառուցմանն ուղղված աշխատանքները և լրջորեն զբաղվել աղբահանությամբ։

Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ամենահարուստ ու ամենաաղքատ թեկնածուները

«Վերամշակված աղբը կարող ենք տարբեր նպատակների ծառայեցնել, սակայն ամենակարևորը՝ կարող ենք ճանապարհներ կառուցել պլաստիկի թափոններից։ Աշխարհում նման տեխնոլոգիաներ արդեն կան», – ասաց նա։

Քաղաքապետի թեկնածուն, ծրագրում է աշխուժացնել  քաղաքում մշակութային կյանքը։ Նրա կարծիքով,  անհրաժեշտ է պատասխանատու մարմինների հետ ազգային արժեքների քարոզ և երկրի մշակութային ժառանգության գովազդ սկսել։ Մասնավորապես նա կարևոր է համարում այն միջոցառումների անցկացումը, որոնք կհետաքրքրեն ոչ միայն երևանաբնակներին, այլև մայրաքաղաք ժամանած զբոսաշրջիկներին։

Հովսեփյանը մտադիր է Երևանին վերադարձնել նաև իր նախկին ճարտարապետական տեսքը։ Ըստ նրա` անհրաժեշտ է վերականգնել հին շենքերն ու վերջապես,  իրականացնել «Հին Երևան» նախագիծը, որը նախատեսում է վերականգնել մայրաքաղաքի՝ XIX դարի վերջի XX դարի սկզբի  ճարտարապետական տեսքը։

«Քաղաքում ոչինչ չի խոսում այն մասին, որ այն 2800 տարեկան է։ Դա ամոթալի է, քաղաքին անհապաղ պետք է վերադարձվի նրա դեմքը», – ասաց նա։

Հիշեցնենք, որ Ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Այնուհետև ավագանին քաղաքապետ կընտրի։ Ընտրություններին 12 քաղաքական ուժ է մասնակցում` 4 դաշինք և 8 կուսակցություն։