Գաղտնալսման թեման թեժացավ. Yerevan.today–ից բացի ևս 5 հասցեում խուզարկություն կանցկացնեն

Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու մասին քրեական գործը միայն Yerevan.today–ի խմբագրության խուզարկությամբ չի սահմանափակվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով Քննչական կոմիտեն խուզարկություններ կանցկացնի ևս 5 տարբեր հասցեներում։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունները։

Քննչական կոմիտեն մեկնաբանել է Yerevan.today–ի խուզարկությունը

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, ի թիվս այլ հասցեների՝ օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։ Փաստում ենք, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք`սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Այսօր առավոտյան ժամը 8.30-ին Ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ տասնյակ աշխատակիցներ մուտք են գործել yerevan.today լրատվական կայքի խմբագրություն, ներկայացրել են խուզարկություն անցկացնելու վերաբերյալ դատարանի և քննչական մարմնի որոշումները։