ԵՐԵՎԱՆ, 15 Սեպտեմբեր — Sputnik. «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը 6 բնակարան ունի. մեկը` Երևանի Հյուսիսային պողոտայում, մնացած 5-ը` Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայի տարբեր թաղամասերում: Պրահայում Հայկ Մարությանն ունի նաև առանձնատուն, երկու հողամաս և ավտոտնակ` Երևանի Հյուսիսային պողոտայում: Ունի 2017 թվականի արտադրության «Պեժո Պարտնյոր ԹԻ ՓԻ» մակնիշի ավտոմեքենա:
Հայկ Մարությանի եկամուտները գոյանում են Չեխիայում վարձով տրված 5 բնակարանի ու առանձնատան վարձավճարներից: Մեկ տարվա ընթացքում այդ եղանակով ստացել է 30 մլն ՀՀ դրամին համարժեք չեխական կրոն:
Մարությանը «Դիջիգեյմ» ՍՊԸ-ից ստացել է 1,5 մլն, «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ից՝ 3 մլն 400 հազար, «Գուդ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից՝ 9 մլն 600 հազար դրամ, «Պերսոնա գրատա» ՍՊԸ-ից էլ՝ 1,5 մլն դրամ: Հայտարարագրման պահին Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմել են 190 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո, 4 մլն 700 հազար ՀՀ դրամ եւ 500 հազար չեխական կրոն, որը համարժեք է 11 մլն ՀՀ դրամի:
ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը, հայտարարագրի համաձայն, ունի բնակարան և ավտոտնակ Երևանի Պուշկինի փողոցում, երկու ավտոմեքենա` Mercedes-BENZ S350L և Ինֆինիտի Q X4: Դրամական միջոցները` 21 մլն դրամ, 50 հազար դոլար ու 25 հազար եվրո:
«Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկու առանձնատուն ունի՝ Երևանի Նորք Մարաշ եւ Երզնկյան փողոցներում: Սեփական ավտոմեքենա չունի, բայց ունի 205 000 դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանն առանձնատուն ունի Երևանի Քանաքեռ–Զեյթուն թաղամասում` Գերցենի փողոցում, որին կից կա տնամերձ հողատարածք և օժանդակ շինություններ: Ունի նաև երկու ավտոմեքենա՝ «Աուդի Ա8» ու «Միցուբիշի Պաջերո»: Դրամական միջոցներ չունի:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը երեք բնակարան ունի` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Տարվա ընթացքում թեկնածուն ստացել է 11 մլն դրամի եկամուտ, որից 7 մլն 300 հազարը ստացել է Ազգային ժողովից, 3,5 մլնը՝ Արդարադատության նախարարությունից: Զեյնալյանն ունի նաև շուրջ 5 մլն դրամի, 20 հազար ԱՄՆ դոլարի և 2,3 հազար եվրոյի դրամական միջոցներ:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը հայտարարագրել է մեկ բնակարան՝ Երևանի կենտրոնում, մեկ ավտոմեքենա: Շահգելդյանը որպես ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր ստացել է 1,8 մլն–ի եկամուտ, ևս 720 հազար դրամ` ԵՊՀ-ից` որպես դասախոս:
Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը, ըստ հայտարարագրի, բնակարան և դրամական միջոցներ չունի։ Բայց հաշվառված է Արարատյան 22 հասցեում: Փոխարենը ունի 2 ավտոմեքենա` «Տոյոտա Քեմրի» և «Լեքսուս 470GX»:
«Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը միայն Բաղրամյան պողոտայում մեկ բնակարանի սեփականատեր է, մեկ այլ բնակարանի` համասեփականատեր։ Բնակարանին կից ունի արհեստանոց: Նա հայտարարագրել է նաև Երևանի Անտառային փողոցում գտնվող տուն-թանգարանը և BMW 320I մակնիշի ավտոմեքենան: Անահիտ Թարխանյանը հաշվետու տարում «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ստացել է 20 մլն 400 հազար, իսկ «FM 105.5» ՍՊԸ-ից` 15 մլն դրամ: Բացի այդ նա նաև 18 մլն դրամի խնայողություն ունի: Նրան են պատկանում «ՖՄ 055» եւ «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ–ները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ներկայացրած հայտարարագրի համաձայն` նա ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք չունի։ Նա Ազգային ժողովից ստացել է 12 մլն դրամի աշխատավարձ, ունի 71 հազար ԱՄՆ դոլարի խնայողություն: Նաիրա Զոհրաբյանը հաշվառված է Այգեձոր թաղամասում, բայց բնակվում է Աբովյան փողոցում:
«Երեւանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանն, ըստ հայտարարագրի, ունի մեկ բնակարան, մեկ առանձնատուն և երկու ավտոմեքենա: Նա Ազգային ժողովից որպես պատգամավոր ստացել է 7 մլն դրամ աշխատավարձ, 2 մլն դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար էլ` այլ եկամուտ:
«Հայք» կուսակցության թեկնածու Հրաչիկ Հովսեփյանը Երևանում 1 բնակարան ունի: Դրամական միջոցներ և շարժական գույք չի հայտարարագրել։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին 12 քաղաքական ուժ է մասնակցում։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, որից հետո ավագանին քաղաքապետ կընտրի։