ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Նախկին վարչապետ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ իր պաշտպանյալ Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են։ Ըստ փաստաբանի` վճարված գրավը գտնվում է դատարանի դեպոզիտ հաշվին, իսկ առգրավված գումարները վարույթն իրականացնող մարմնի մոտ են պահվում։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին կալանքից ազատելու համար որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել էր 1 մլրդ դրամի գրավը և այն մուծելուց հետո միայն Ղազարյանն ազատ էր արձակվել։
Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:
Ըստ նախաքննական մարմնի հրապարակած տեղեկությունների` Ղազարյանը թաքցրել է առանձնապես խոշոր չափերի գույքի` 460.000.000 և 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի ունեցվածք։