Պատրաստ են կառուցողական երկխոսության. ի՞նչ են պայմանավորվել Սարգսյանն ու Ծերեթելին

ԵԱՀԿ–ն և խորհրդարանական վեհաժողովը պատրաստ են աջակցել նոր կառավարության բարեփոխումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ավելի ակտիվ կմասնակցի այն միջոցառումներին, որոնք կազմակերպում է ԵԱՀԿ-ն։ Այս մասին պայմանավորվել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Վրաստանի խորհրդարանի անդամ Գիգի Ծերեթելին Երևանում համատեղ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Սահակաշվիլու Վրաստանը Փաշինյանի Հայաստանը չէ». ինչու պետք չէ համեմատել

Ծերեթելին սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով եղել է Երևանում և հանդիպել Արմեն Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի, ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ։

«Հայաստանի կառավարության դրամատիկ փոփոխություններից հետո հայկական քաղաքական համակարգը կանգնել է նոր մարտահրավերների առաջ։ Ուրախ եմ, որ բարեփոխումներ իրականացնելու համար քաղաքական ուժերը պատրաստ են կառուցողական երկխոսության։ Այդ գործընթացների համար պատասխանատվությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի ձեռքերում է։ ԵԱՀԿ-ն և խորհրդարանական վեհաժողովը պատրաստ են սատարել այդ գործընթացների արդյունքները», — Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ծերեթելին։

Կողմերը քննարկել են ԵԱՀԿ հիմնական գերակայությունները, հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը, երկրում բարեփոխումները և Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունը։ Ծերեթելին ողջունել է Հայաստանում նախընտրական բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև քաղաքական փոխզիջման կարևորությունը` կապված ընտրությունների համակարգում ցանկացած փոփոխության հետ։

Կողմերը նաև քննարկել են տնտեսական զարգացմանը, հակակոռուպցիոն օրենսդրությանն ու տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։