Ե՞րբ կհաստատվի Ռուսաստանի պաշտպանական վարկը. ֆինանսների նախարարի պատասխանը

Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ 100 միլիոն դոլար վարկ ստանալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող պաշտպանական վարկը կարող է հաստատվել մինչև 2018թ.–ի վերջ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հայաստանի կառավարությունը հաստատել է զենքի ձեռքբերման Ռուսաստանի վարկը

«Կոնկրետ երբ, կդժվարանամ ասել, գիտեք` պաշտպանության նախարարությունն է ակտիվ աշխատում, իսկ երբի համար, կարծում եմ, այս տարվա ընթացքում, և, որքան ինձ է հայտնի, բոլոր նախադրյալները կան, որ հասնի տրամաբանական շարունակության», – ասաց նա։

Ինչպես երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 100 միլիոն դոլար վարկ։ Նախարարը հրաժարվել է ասել, թե կոնկրետ ինչպիսի սպառազինությունների մասին է խոսքը, սակայն ավելացրել է, որ Հայաստանը կարևորում է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը։

Երևանն արդեն երկրորդ անգամ է վարկ ստանում ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ 200 մլն դոլարի առաջին համաձայնագրով նախատեսված մատակարարումներն ավարտվել են։