Երաշխիքից մինչև ռեյդ մեկ քայլ է. Փաշինյանի գործողությունները վախեցնո՞ւմ են ներդրողներին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` չարժե սպասել, որ մոտ ապագայում Հայաստանում ներդրումների ներհոսք կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները չեն նպաստում ներդրումների ներհոսքին։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով «օլիգարխների բանդաներին ասֆալտին պառկեցնելու» վարչապետի կոչը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հրահանգեց իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

Հայկական «բերմուդյան եռանկյունին». Ռոբերտ Քոչարյանի հետ մեկտեղ խաղի մեջ են մտել ևս երկուսը

Ինչպես նշեց Քոչարյանը, այս հայտարարությունը կարող էր սաբոտաժի հանգեցնել` հաշվի առնելով օլիգարխների ֆինանսական ռեսուրսներն ու ազդեցության մյուս լծակները։

Քաղտեխնոլոգը իշխանությունների և բիզնեսի հարաբերություններում նաև այլ խնդիր է տեսնում։

«Բանն այն է, որ հնչեցվող հարցերը միայն մասնակի են լուծվում», — ասաց Քոչարյանը` հիշեցնելով, որ սկզբում իշխանությունն աղաղակում էր գործարար Սամվել Ալեքսանյանի խախտումների մասին, իսկ հետո նրան արտոնություններ տվեցին։

Բացի այդ, իրավապահ մարմինները անդադար ինչ-որ մեկին ձերբակալում են, հետո ազատ են արձակում։ Նոր կառավարության հայտարարություններն ու գործողությունները մտահոգության տեղիք են տալիս պոտենցիալ ներդրողների համար, կարծում է Քոչարյանը։

«Եթե սկզբում մարդն ասում է, որ երաշխիքներ է տալիս, հետո կոչ է անում «պառկեցնել ասֆալտին», ապա ոչ մի գործարար ներդրումներ անելու ռիսկի չի գնա», — համոզված է Քոչարյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով` նախընտրական շրջանում ներդրումներ դժվար թե լինեն։ Ընդ որում` խոսքը միայն արտաքին աղբյուրների մասին չէ. հայրենական ներդրողները նույնպես կխուսափեն ներդրումներից, քանի որ իրենց բիզնեսի անձեռնմխելիության երաշխիքներ չունեն։

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, որոնց մասին խոսում է իշխանությունը, ապա դրանք, Քոչարյանի կարծիքով, վստահություն չեն ներշնչում, չէ՞ որ այսօր դրանք ներկայացնում է այն նույն պաշտոնյան, որը ներկայացնում էր նախորդ կառավարության օրոք (խոսքը վիճակագրական կոմիտեի ղեկավար Ստեփան Մնացականյանի մասին է — խմբ.)։

«Երկար տարիներ գործող իշխանության ներկայացուցիչները, իսկ այն ժամանակ ընդդիմադիրները, գոռում էին, որ վիճակագրությունը «նկարում են»։ Ո՞ւր են երաշխիքները, որ նույն չինովնիկը «չի նկարում» նաև այսօրվա իշխանության օրոք», — ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Բագրևանդ փողոցում ոստիկանները բերման էին ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին, իսկ սեպտեմբերի 12-ին ոստիկանները գործողություններ էին իրականացրել Լեո փողոցում և բերման ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամներին։