Փոխադարձ մեղադրանքներ ԱԺ–ում օդ հանելու, մակարոն կախելու, օրենք խախտելու մասին

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման շուրջ խորհրդարանական քննարկումները թեժ էին` համեմված ոչ խորհրդարանական արտահայտություններով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Եթե այս գործը լիներ մեկ տարի առաջ, պառլամենտին օդ կհանեիք: Այսօր դիմելով իր երբեմնի ընդդիմադիր, այսօր` իշխանական գործընկերներին` ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով. «Դուք կասեիք քննիչ հանձնաժողով ստեղծեք, հիմա ի՞նչ է փոխվել՝ իրողությո՞ւն»:

Արտահերթ նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում. ով ում է դաս տվել

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնազերծված հեռախոսազանգերի առիթով ստեղծվող խորհրդարանական հանձնաժողովը, Շարմազանովի համոզմամբ, պետք է լինի ապաքաղաքական, իսկ գործառույթը պետք է դառնա ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությունը։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ կարծիք հայտնեց, թե իշխանությունը միտումնավոր ԱԺ նիստից մեկ օր առաջ քրեական գործ հարուցեց` փորձելով կանխել քննիչ հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ նախաձեռնությունը, քանի որ ԱԺ Կանոնակարգ օրենքով հանձնաժողովը չի կարող քննել նախաքննության փուլում գտնվող քրեական գործին առնչվող հարցերը:

«Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ, այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այն պետք է լինի թափանցիկ, չվախենա անուններից, կանչի բոլորին, հարցաքննի` Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած Յուրի Խաչատուրովով»,- ասաց Աշոտյանը և առաջարկեց հանձնաժողովի նիստերը հեռարձակել ուղիղ եթերով:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էլ, իր գործընկերներին լրացնելով, ասաց. «Հանձնաժողովը պետք է պատասխան տա մի կարևոր հարցի` վերջը ՀՀ-ում մեզ բոլորիս լսո՞ւմ են, թե՞ չէ»:

Գաղտնալսման դեպքով Գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին սակայն ընդդիմության փաստարկները համոզիչ չթվացին: Նրա խոսքով` հանձնաժողովը չի կարող հարուցված քրեական գործերից դուրս քննարկում ծավալել:

«Ո՞ր հարցն եք քննարկելու՝ մի հատ Viber-ով զանգիր, կարող է՝ մեզ լսո՞ւմ են: Մարդիկ բոլորը վախեցած են, իրար զանգում, ասում են՝ Telegram-ով զանգիր: Կոնկրետ այս գործով դա չենք կարող քննել, ու եթե չենք կարողանալու անդրադառնալ, էլ ինչո՞ւ ենք հանձնաժողով ստեղծում»,- ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ, նշելով, որ համամիտ է «Ելքի» պատգամավորների հետ,  և ՀՀԿ-ին դիմելով, ասաց. «Օրենք մի՛ խախտեք, հարգելի գործընկերներ»:

Չնայած բուռն քննարկումներին, ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց ՀՀԿ-ի առաջարկը` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ու արդար դատավարության իրավունքի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովում ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունները` հետևյալ համամասնությամբ` ՀՀԿ` 5,  «Ծառուկյան»` 3, «Ելք»` 2, ՀՅԴ` 1 անդամ: