Որորներ, ճանճեր, լողացող ներքնակներ և ուրվական մարդիկ. ինչու է աղմկում Երևանի աղբանոցը

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Նուբարաշեն վարչական շրջանի աղբանոց: Լրագրողների առջև հառած պատկերը մոլորյալ մարդկանց մասին սարսափ ֆիլմ է հիշեցնում։ Այնտեղ վախն է թագավորում:
Sputnik

Առաջինը, որ աչք է զարնում Նուբարաշենի աղբանոցի տարածքում, աղբակույտերի վրա սավառնող որորների մեծ քանակն է:

Անծայրածիր աղբակույտերում փայլուն թղթեր, ապակիներ, անթիվ-անհամար պլաստիկ շշեր և տոպրակներ են «լողում», քանդված սառնարաններ, կեղտոտ ներքնակներ…

Աչքի համար այդքան էլ վախենալու չէ, ավելի շուտ հետաքրքիր է: Ուզում ես մեքենայից դուրս գալ և հասկանալ, թե ինչ տարօրինակ շինություններ են երևում աղբանոցի բոլոր անկյուններում և ինչ կա կապույտ բրեզենտից հսկայական տոպրակներում:

Мусорная свалка в Нубарашене

Սակայն, երբ դուրս ես գալիս ավտոմեքենայից, քթիդ զզվելու աստիճան գարշահոտ է խփում: Ստիպված ես ջանքեր գործադրել չընկնելու համար: Դա բավական դժվար է, եթե հաշվի առնենք ոտքի տակից սահող հողը:  Նույնիսկ աղբատար մեքենաներն են դժվարությամբ տեղաշարժվում այս տարածքում: Այս տեսարանը լրացնում են բղավող ու չսափրված տղամարդիկ:

Ինչպես են Երևանում 400 հազար տոննա աղբից էլեկտրականություն ստանալու

Մորուքավորներից մի քանիսը սպառնում են և պահանջում չնկարահանել աղբանոցն ու մարդկանց: Մինչ մենք վիճում ենք, իսկ աղբահավաք ավտոմեքենան` բեռնաթափվում, այս ու այն կողմից նիհար ու արևավառ դեմքերով մարդիկ են գալիս, քանդում տոպրակներն ու տանում իրենց հետ: Նիհար մի տղամարդ` գլխարկը գլխին, համակարգում է նրանց գործողությունները, պահանջում, որ ոչինչ չասեն և ամեն կերպ փորձում է մեզնից հեռացնել մի կնոջ: Սակայն կինն ակնհայտորեն ուզում է խոսել, բայց վախենում է:

Տղամարդկանց շարքում այնքան նիհար մի տղայի ենք նկատում, որ նույնիսկ կողերը կարելի է հաշվել: Նրա հագին շապիկ չկա, շորտով է ու հողաթափերով: Միայն այն մտքից, որ նրա ոտքերը դիպչում են այս կեղտին, սարսափում ես: Բայց նրան միևնույնն է:

Мусорная свалка в Нубарашене

Առաջին հարցը, որ ծագում է՝ ինչո՞ւ է նա այստեղ, և ո՞ւր են նրա ծնողները: Նա լռում է: Միայն հպարտությամբ ասում է, որ Վրաստանից է, դպրոց չի գնում: Հարցին, թե արդյո՞ք աղբանոցում է ապրում, ասում է՝ ոչ: Միևնույն ժամանակ ծածուկ նայում է համակարգող նիհար տղամարդուն: Տղամարդը, կարծես, գոհ է. ավելորդ բան չասաց տղան:

«Սանիթեքին» կրկին տուգանեցին. քանի՞ միլիոն պետք է վճարի ընկերությունն այս անգամ

Մինչ մենք զրուցում ենք աղբահավաք ընկերության աշխատակցի հետ, ամբողջ «բանդան» աննկատ շրջապատում է մեզ: Հավաքվածները պարբերաբար ընդհատում են հարցազրույցը՝ քույրի՛կ, մեր ճանճերը թունավոր են, տես՝ չկծեն: Սակայն պատասխան ժպիտից հետո թուլանում են և անցնում իրենց գործին: Նիհար կինն օգտվում է առիթից ու մոտենում մեզ:

«Մենք որևէ վատ բան չենք անում: Պարզապես աղբն ենք հավաքում, պլաստիկն առանձնացնում ապակուց, մետաղներից և այլն: Հավաքում ենք այն մեծ տոպրակներում և հանձնում: Եթե ինչ-որ բան դուր է գալիս, մեզ ենք վերցնում», — վստահեցնում է կինը:

Կինը չի ուզում ասել, թե աղբի այդ տոպրակներն ով է տանում, արդյոք իրենք աշխատավարձ ստանում են աղբը տեսակավորելու համար և որքան ժամանակ են  զբաղվում այս գործով:

Հարցին` արդյո՞ք ճիշտ է, որ բոլոր այս մարդիկ (մի քանի տասնյակ) այս տարածքում են ապրում, նա հաստատուն գլխով է անում, սակայն բարձրաձայն ասում է՝ ոչ:  Նույնը պնդում է նաև համակարգողը: Միևնույն ժամանակ վստահեցնում է, որ աղբանոցի տարածքում անչափահասներ չկան:

Սակայն մենք փոքրիկ շինություններ ենք տեսնում, որոնցից մի քանիսում կարելի է անկողնային պարագաներ նկատել: Մեզ թույլ չեն տալիս նույնիսկ դա նկարահանել:

Мусорная свалка в Нубарашене

Տղամարդը պնդում է, որ բոլոր այդ մարդիկ աղբն իրենց համար են առանձնացնում, իրենք են հսկայական այդ տոպրակները կարել: Այս ամենը պատմելով նա ծածուկ «նամակ» է փոխանցում փորով մի տղամարդու, որը հենց այդ ժամանակ է կայանել ավտոմեքենան:

— Իսկ դու ո՞վ ես: Ի՞նչ ես անում այստեղ, — հարցնում ենք համակարգողին:

— Հեչ, հենց այնպես զբոսնում եմ, — պատասխանում է նա և մեջքի հետևում գրառումներով ինչ-որ տետր թաքցնում:

Мусорная свалка в Нубарашене

Մենք հեռանում ենք, ավելի ճիշտ` փախչում այդ գարշահոտից, զրուցելով այն մասին, որ դեռ անցած տարի Երևանի իշխանությունները խոստացան զբաղվել աղբանոցների խնդրով:

Խոստացան, որ հենց Նուբարաշենում աղբամշակման ժամանակակից կետ կկառուցվի. թափոնները կտեսակավորեն, կվերամշակեն, որոշ մասը կօգտագործվի էլեկտրաէներգիա ստանալու համար:

Սակայն մինչ օրս աղբանոցը միայն ընդլայնվում է, իսկ աղբակույտի վրա սավառնում են որորներն ու ճանճերը:

Ինչպես նաև մարդիկ, որ ուրվականների ու ստվերների նման ոչ մեկին չնկատելով՝ մտամոլոր սուզվում են գարշահոտ այս անդնդի մեջ: