Խաչատուրյան քույրերից ավագը քննչական մեկուսարանից տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն

Ավելի վաղ հաղորդվել է, որ մասնագետներն անմեղսունակ են ճանաչել կրտսեր քույր Մարիային և նրան տեղափոխել են №2 քննչական մեկուսարանի հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Խաչատուրյան քույրերից ավագին` Քրիստինային, որին մեղադրում են Մոսկվայում 57–ամյա հոր սպանության մեջ, տեղափոխել են Վ. Պ. Սերբսկու անվան հոգեբուժության և նարկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն` հոգեբուժական փորձաքննության։

Հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկին անմեղսունակ են ճանաչել. ո՞ւր են տարել նրան

Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ–ին հաղորդել է Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովը։

«Քրիստինա Խաչատուրյանը` քույրերից ավագը, որոնց քննությունը մեղադրում է հոր սպանության մեջ, №6 քննչական մեկուսարանից տեղափոխվել է Սերբսկու անվան ինստիտուտ», – հաղորդել է նա։

Մելնիկովի խոսքով` հիմա №6 քննչական մեկուսարանում է մնում Անգելինա Խաչատուրյանը։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։

Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։