ԱԳՆ–ն մեկնաբանեց Փաշինյան–Ալիև հանդիպման հնարավորությունը

Տվյալ պահին արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կա, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Մինչ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նա ընդգծեց, որ կա պայմանավորվածություն արտգործնախարարների մակարդակով, մինչդեռ դրա տեղի և վայրի մասին մանրամասներ այս պահին հայկական կողմը չի շտապում հայտնել։

«Կա առաջարկություն, պայմանավորվածություն, մենք նախընտրում ենք դրա մասին հայտարարել համաձայնեցված կարգով՝ ՄԽ համանախագահ երկրների և ադրբեջանական կողմի հետ։ Այդ համաձայնեցվածին հետևելը վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին, Ադրբեջանն ամեն շաբաթ ասում է, այո հանդիպումը Նյու Յորքում է լինելու, բայց գուցե Նյու Յորքում չի լինելու», — նշեց Բալայանը։

Նրա խոսքով` կա սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու։