ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (հոր կողմից` Բաբասյան) երկու անգամ արտասվել է կանադացի մարզիչ Բրայան Օրսերի հետ մարզումների ժամանակ։ Այդ մասին The Skating Lesson-ին պատմել է Օրսերի ընկերը` կանադացի մարզիչ Դագ Հաուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Բրայանը և Եվգենյան շատ լավ հարաբերություններ ունեն։ Ես եղել եմ նրանց մարզումներին, մարզիկն ու մարզիչը շատ լավ են շփվում, իսկ պարապմունքներն ընթանում են ընկերական և դրական մթնոլորտում։ Բրայանը սատարում է Մեդվեդևային», — ասել է Հաուն։
Նրա խոսքով` Եվգենյան հիմա ավելի երջանիկ տեսք ունի, քան նախկինում։ Նա նաև նշել է, որ Մեդվեդևան մարզումների ժամանակ երկու անգամ չի կարողացել զսպել արցունքները։ Պատճառն էլ եղել է այն, որ ծրագրի համար կոմպոզիցիա ընտրելու իրավունքը տվել են նրան։
«Նախկինում նա չի կարողացել ընտրել, նրա փոխարեն են ընտրել», — ասել է Հաուն։
Նա նշել է, որ Եվգենյան արտասվել է նաև Բրայանի հետ մարզումների առաջին օրը։ Նա ասել է, որ լալիս է, քանի որ դա իր կյանքի ամենալավ մարզումային օրն է։
«Դուք տեսե՞լ եք Էթերի Տուտբերիձեին Մեդվեդևայի սահելու ժամանակ։ Ինձ ասում էին, որ Էթերին խաչ է քաշել Եվգենյայի վրա և նրան ուղարկել երեխա ունենալ Փհենչհանի օլիմպիադայից հետո», — ասել է Հաուն։
Հիշեցնենք` Մեդվեդևան մայիսի 7-ին հաստատել է, որ հեռանում է Տուտբերիձեից, որի հետ աշխատել է 11 տարի։ Նա լքել է ռուս մարզիչին և տեղափոխվել Կանադա Բրայան Օրսերի մոտ։