Երևանում բնակվող կինը խորդանոցը մաքրելիս զենք է հայտնաբերել

Կինը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ ուզում է հայտնաբերած զենքն ու զինամթերքը կամավոր հանձնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգած կինը հայտնել է, որ խորդանոցը մաքրելիս զինամթերք է հայտնաբերել, որոնք ուզում է կամավոր հանձնել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կնոջ տուն մեկնած օպերատիվ խումբը խորդանոցում հայտնաբերեց տարբեր տրամաչափի փամփուշտի 8 արկղ, 10 ինքնաշեն նռնակ, «CC 5300» գրառմամբ ինքնաձիգ և 20 պահունակ:

Ըստ կնոջ հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից՝ հանգուցյալ եղբորը։