Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ղեկավարած պատվիրակությանը, որը սեպտեմբերի 10-ին առաջին պաշտոնական այցով ժամանել էր Երևան, հայկական կոնյակ և ազգային խոհանոցի ավանդական ճաշատեսակներ են հյուրասիրել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց վրացահայ պատգամավոր Հենզել Մկոյանը։
«Էքսկուրսիայի և ընթրիքի, ինչպես նաև կոնյակ համտեսելու վայր էր ընտրվել Երևանի կոնյակի գործարանը։ Վրացական պատվիրակությանը հայկական ավանդական ճաշատեսակներ հյուրասիրեցին։ Վրացական կողմին ամեն ինչն էլ շատ դուր եկավ», — ասաց Մկոյանը։
Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը Երևանի կոնյակի գործարանից տեսանյութ է հրապարակել ֆեսյբուքյան իր էջում։
«Մեր փոքր և հպարտ երկրի կողմից մենք ձեզ հանձնում ենք աշխարհի լավագույն կոնյակը», — Բախտաձեին դիմելով` ասել է Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը` մատուցելով թանկարժեք նվերը։
Հիմա Երևանի կոնյակի գործարանում անվանական տակառ կա` ի պատիվ Վրաստանի վարչապետ Բախտաձեի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Վրացական պատվիրակությունը` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ, պաշտոնական այցով Երևան է եկել սեպտեմբերի 10-ին։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Վրաստանի ֆինանսների նախկին նախարար Մամուկա Բախտաձեն վարչապետ է ընտրվել 2018թ-ի հունիսին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Գեորգի Կվիրիկաշվիլուն, որն այս տարվա հունիսի 13-ին հրաժարական էր տվել։