Լևոն Տեր–Պետրոսյանին էլ կհարցաքննեն

Հատուկ քննչական ծառայության պետը հայտնեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանին կկանչեն հարցաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհարցաքննվի Մարտի 1-ի գործով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Տեր-Պետրոսյանը կհրավիրվի և կհարցաքննվի։ Նրա դատավարական կարգավիճակը կորոշի քննչական մարմինը»,- ասաց Խաչատրյանը։

Նշենք` ՀՔԾ պետը հայտնել էր նաև, որ անպայման կհարցաքննվի Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Ի՞նչ «այլանդակություններ է արել» Սեյրան Օհանյանը. բացահայտում են ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի հետևանքով հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան Զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։

Մարտի 1-2-ի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի դեմ։