Արտասովոր դեպք Գեղարքունիքում. դիմակավորված մտել է համագյուղացու տուն և փորձել է բռնաբարել

Գյուղերից մեկի բնակիչն իր նպատակին հասնելու համար որոշել է սպառնալ դանակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը, դիմակավորված, նույն գյուղի կանանցից մեկի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող բնակարան, որտեղ իր մոտ եղած որպես զենք օգտագործվող դանակի գործադրման սպառնալիքով փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 01:20-ի սահմանում։

Շունը կրծել է դնչկալն ու 11 տարեկան տիրուհուն փրկել բռնաբարությունից

Հաղորդագրության մեջ նշված է, որ կինը դիմադրել է տղամարդուն։ Նա էլ հանցանքն ավարտին չհասցնելով՝  փախել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձ, և 147-րդ հոդվածի 2-րդ մասով` բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, հատկանիշներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: