ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի էստրադային երգիչների ու երգչուհիների մեծամասնությունը եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում։ Այդ մասին սեպտեմբերի 10–ին լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Իհարկե, դա ամենամեծ գլխացավանքը չէ Հայաստանի բյուջեի համար, նշեց Անանյանը։ Ուղղակի սա քաղաքացիական կեցվածքի ցայտուն օրինակ է։
«Մեր գործընկերների` Սինգապուրի հարկային տեսուչների մոտ յուրաքանչյուր քայլափոխին կարելի է հանդիպել գրության` իմ երկրին պետք են իմ հարկերը։ Եվ ոչ միայն հարկային տեսուչների մոտ։ Այդպիսի գրություններ կարելի է տեսնել ամբողջ քաղաքում։ Այդ թվում` մարդկանց այցեքարտերի վրա, որոնք կապված չեն հարկային մարմնի հետ։ Նրանք արդեն դաստիարակված են այդպիսի գիտակցությամբ։ Ուստի ես հիշեցի մեր էստրադային կատարողների օրինակը։ Նրանցից շատերը սիրում են երգել հայրենասիրական երգեր, հատկապես՝ տոներին և հիշարժան օրերին։ Բայց նրանց մեծամասնությունը չի ներկայացնում հարկային հայտարարագիր», – հայտարարեց Անանյանը։
Բոլորը գիտեն, թե որքան գումար են նրանք կարող ստանալ էլիտար երեկույթի կամ հարսանիքի ժամանակ՝ երեք-հինգ երգ կատարելու դիմաց։ Ցավոք, նրանք մոռանում են այդ փողերից երկրի բյուջե հարկեր մուծել, որին բեմից համոզիչ կերպով սեր են խոստովանում, հավելեց Անանյանը։
Իսկ երաժշտական աշխարհի մարդկանց շարքում բացառություններ կա՞ն։ Պարզվում է` կան։ Աստղերի համար կարող է օրինակ ծառայել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` ժամանակակից հայ դասականը և ֆիլմերի համար հիանալի մեղեդիների հեղինակը։
«Նա կանոնավոր կերպով հանձնում է հարկային հայտարարագրերը», – հավելեց Անանյանը։
Նշենք, որ ճիշտ այդպես են վարվում Հայաստանի քաղաքացի այլ դասականներ։