ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, բավարարեց Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը՝ փոխել խափանման միջոցը։
Սարգսյանն ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո:
Դատարան էին եկել Սարգսյանի մայրը, կինը, մտերիմները:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նշենք, որ Հայկ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 17-ին։