Փաշինյան-Պուտին հանդիպումը կարևոր էր երկու երկրների բարեկամության համար. Ռուստամյան

ՀՅԴ պատգամավորն այսօր վերլուծել է Փաշինյան-Պուտին հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ և ՀՀ ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել երկու երկրների բարեկամության համար կարևոր պայմանավորվածություններ։ Այսօր լրագրողների հետ զրույցում, վերլուծելով Փաշինյան-Պուտին հանդիպումը, այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Ես վստահ եմ, որ հարցեր քննարկվել են, բայց ինչպես ենթադրում էի, դիվանագիտական էթիկետը թույլ չի տա, որ ամեն ինչի մասին մանրամասն հրապարակավ ասվի։ Այդուհանդերձ գնահատականների տոնայնությունը ինձ հույս է տալիս ասել, որ հանդիպման ժամանակ ձեռք են բերվել երկու երկրների բարեկամության համար շատ կարևոր պայմանավորվածություններ»,- ասաց նա։

Քննարկված հարցերից պատգամավորը հատկապես կարևորեց ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացման հարցը։ Կարևոր պայմանավորվածությունների շարքում Ռուստամյանը հիշատակեց նաև Սիրիա ուղարկվող կոնտինգենտի հարցը։ Լրագրողների հարցին, թե արդյոք դրա հետևանքով Հայաստանը չի՞ հայտնվի ամերիկյան պատժամիջոցների տակ, ՀՅԴ պատգամավորը շեշտեց, որ համագործակցությունը հումանիտար նշանակություն ունի, և դրան որևէ երկիր չի կարող դեմ լինել։

Փաշինյանը բացեց փակագծերը. ի՞նչ առաքելություն է իրականացնելու Հայաստանը Սիրիայում

«Հույս ունեմ, որ դա մեր հարաբերությունների վրա կազդի դրականորեն»,-ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են 2018 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հայաստանի իշխանափոխությունից հետո սա նրանց երրորդ հանդիպումն էր։ ՀՀ վարչապետը Պուտինի հետ հանդիպումից հետո հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։

Փաշինյանն ընդգծեց` Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ռազմական մասնագետները կմեկնեն Սիրիա՝ առաքելություն իրականացնելու։