ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցիչները Sputnik Արմենիայի խնդրանքով արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի ընկերությունում 60 մլն դոլարի խախտումներ են գրանցվել։
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում չարաշահումները մոտ 60 մլն դոլար են կազմել, այլ ոչ 19 հազար, որի մասին խոսվում էր մամուլում։
ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այդ թվերի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և խորհուրդ տվեցին դիմել Քննչական կոմիտե։
ՔԿ-ի մամուլի ծառայությունում նշեցին, որ գործը դեռ նախաքննության փուլում է և ներկա պահին նպատակահարմար չեն համարում որևէ տեղեկություն հրապարակել։ Քննչական կոմիտեից խոստացան այդ մասին մանրամասն մեկնաբանություն ներկայացնել առաջիկայում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը խուզարկություն է տեղի ունեցել, այն իրականացնում էին ՀՀ ՊԵԿ աշխատակիցները։ Փաստաթղթեր են առգրավվել։ Գործողություններին ներգրավվել են նաև հատուկ նշանակության զորքերը։
Փաշինյանը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նաև ՀԿԵ-ում իրականացրած խուզարկության թեման։ Ռուս առաջնորդը, ըստ ՀՀ վարչապետի, հայկական կառավարությանը լիովին սատարում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։
«ՀԿԵ»-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերություն) Հայաստանի երկաթուղու կոնցեսիոներն է։