ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ապօրինի շինությունները պետք է ամբողջովին ապամոնտաժել։ Այս մասին լրագրողներին հայտնեց իրավաբան, «Իմ քայլը» դաշինքի Երևանի Ավագանու թեկնածու Սրբուհի Ղազարյանը. նա համամասնական ցուցակում երկրորդն է։
Պետք է գործի դնել Քաղաքացիական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի ապօրինի շինությունները պետք է ապամոնտաժվեն, եթե դրանք խախտում են քաղաքաշինական նորմերն ու քաղաքացիների համար վտանգ են ներկայացնում։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, որը ցուցակում երրորդ տեղն է զբաղեցնում, նշեց, որ երևանցիներին պետք է վերադարձնել այգիները, որոնք վերջին տարիներին հատվել են սրճարաններ ու ռեստորաններ կառուցելու նպատակով։ Իսկ ընդհանուր առմամբ՝ քաղաքին 500 հազար ծառ է պետք։
Ցուցակը գլխավորող արտիստ Հայկ Մարությանը խոսեց տրանսպորտի բարեփոխման մասին։ «Գծվելու է տրանսպորտի նոր ցանց և լինելու է երթևեկության տոմսերի միասնական համակարգ: Մենք մետրոյի ևս մեկ կայարան կկառուցենք։ Կամ գոնե կավելացնենք ուղևորների հոսքը գոյություն ունեցող կայարաններում» Օրինակ, «Գործարանային» կայարանում։ Խորհրդային տարիներին այն արդյունաբերական գոտու համար է կառուցվել։ Սակայն հիմա գրեթե ոչ ոք քաղաքի այդ հատված չի գնում։ Պետք է պայմաններ ստեղծել, որ քաղաքի այդ մասում նոր ձեռնարկություններ, կրթական կենտրոններ լինեն», — հայտնեց Մարությանը։
«Բացի դրանից՝ քաղաքային հասարակական տրանսպորտը պետք է գործի մինչեւ 24:00-ն: Լինելու են նաեւ գիշերային երթուղիներ, որոնք աշխատելու են մինչև գիշերվա ժամը 3-4-ը»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝ Մարությանն ասաց, որ մրցակցությունը պետք է լինի ինտենսիվ, բայց՝ առողջ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցեն 4 դաշինք և 8 կուսակցություն։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2011 թվականի նոյեմբերից, հուլիսի սկզբին հրաժարական է տվել։ Հանրապետական կուսակցությունը որոշել է ընդհանրապես չմասնակցել այս ընտրություններին։