Պարմեզանով ու բարստուրմայով բիզնես․ ի՞նչի համար է ֆրանսիացին շտապ գործընկեր փնտրում

Շատերին է Հայաստանը հետաքրքրում որպես ԵԱՏՄ շուկա դուրս գալու հարթակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանը թեկուզ և փոքր, բայց եվրոպական ապրանքների համար հետաքրքիր շուկա է։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Somexport ֆրանսիական ընկերության ղեկավար Ռոբեր Պտիժանը, որը Երևան է եկել Armenia Expo 2018 ցուցահանդեսին մասնակցելու։

Երաժշտություն առանց սահմանների․ եվրոպական քաղաքների փողոցները գրավող հայ ջութակահարը

«Ես եկել եմ, որ ներկայացնեմ եվրոպական ապրանքները՝ գինիներ, պանիրներ, մսի խորտիկներ, ձիթապտղի յուղ։ Բայց կարծում եմ՝ այստեղ էլ Եվրոպա տանելու բաներ կան», — ասում է Պտիժանը։

Նա երկու օրով է Հայաստան եկել, նախկինում այստեղ չի եղել, բայց մեզանից լավ է ծանոթ հայկական մթերքին։

«Ապրում եմ Մարսելում։ Մեզ մոտ, ինչպես հայտնի է, մեծ հայ համայնք կա. ինչպես Ֆրանսիայի այլ քաղաքներում։ Այդ պատճառով լավ գիտեմ՝ ինչ է սուջուխը, բաստուրման, լավաշը։ Այստեղ ուզում էի վստահելի գործընկեր գտնել, որն ինձ համար կգներ այդ մթերքներն ու իր հերթին կօգներ այստեղ եվրոպական մթերք վաճառել։ Այսպիսի գործընկերությունը երկու կողմերի համար էլ ձեռնտու է», — ավելացրեց Պտիժանը։

Իսկ շատ հայեր կան, որոնք կարող են իրենց թույլ տալ խամոն, կակամբեր կամ «Կյանտի»։

«Իհարկե, Հայաստանի շուկան փոքր է, բայց այստեղ եկող բոլոր մարդիկ ուզում էին գնել մեր ապրանքից։ Պահանջարկ միանշանակ կա։ Դեռ մտածում ենք միայն այստեղի շուկայի մասին, իսկ հետագայում կուզենայինք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ դուրս գալու հարթակ դառնար։ Սակայն ամենակարևորը ոչ թե մեծ ծրագրերն են, այլ վստահելի գործընկերները։ Մենք փնտրում ենք նրանց Հայաստանում», — ժպտում է Պտիժանը։

Նշենք, հայկական մթերքից Ֆրանսիա են արտահանվում հիմնականում մրգեր, բանջարեղենի պահածոներ ու հյութեր։ Ճիշտ է՝ դեռ քիչ ծավալով, ընդհանուր առմամբ 300 հազար դոլարի։