«Եկեք, Հայաստանում հարստացեք և հարստացրեք». Փաշինյանի և գործարարների հանդիպման տեսանյութը

Վերջին մեկ–մեկուկես ամսվա ընթացքում մամուլում «ավետում» են հայ–ռուսական հարաբերությունների ճգնաժամը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում բնակվող հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է` ոչ մի ճգնաժամ չկա։
Sputnik

«Ես կարող եմ ինձ թույլ տալ և հայտարարել, որ ոչ միայն ճգնաժամ չկա, այլև հավակնոտ հայտարարություն անել և ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդուկ չեն եղել, որքան այսօր»,- գործարարներին ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այսօր Հայաստանի Հանրապետությունն ընկալվում է որպես վստահելի գործընկեր, որպես պետություն, որն արժանի է հարգանքի։

«Մենք շահագրգռված ենք, որ դուք հնարավորինս շատ ներդրումներ անեք, հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեք և հնարավորինս շատ հարկեր վճարեք պետությանը` համոզված լինելով, որ ձեր վճարած ոչ մի հարկը չի գնա վարչապետի և վարչապետի ընտանիքի գրպանները»,- ընդգծեց վարչապետը։

«Եվ մեր ուղերձը հետևյալն է` Հայաստանում գործեք, հարստացեք և հարստացրեք»,- ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել սեպտեմբերի 8-ի կեսօրին։ Նա անմիջապես ուղևորվել է Կրեմլ, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ վարչապետի այս հանդիպումը երրորդն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։