Տեսախցիկներ են տեղադրվում «ընդդեմ» վարորդների՞. պարզաբանում է ոստիկանությունը

Երևանում 2000 նոր տեսախցիկ տեղադրելու հրապարակմանն անդրադարձել է ոստիկանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի մայրաքաղաքում տեսախցիկների նոր խմբաքանակի տեղադրման մասին հրապարակումը, որը երեկ տարածվել է մամուլում, պարզաբանել է ոստիկանությունը։

«Հո» անելու հայկական սարքն արտահանում են Ռուսաստան և Եվրոպա

Նշենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե առաջիկայում փողոցների տեսանկարահանումը խստացվելու է, տեղադրելու են մինչև 2 հազար նոր տեսախցիկ:

«Խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ոստիկանության ներկայացված և ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրի մասին է։ Ըստ այդմ՝ վերջնական չէ նաև տեսախցիկների թիվը. շրջանառվող քանակը ծրագրով ներկայացվածն է, իսկ վերջնական թիվը, եթե ծրագիրը հավանության արժանանա, որոշվելու է ուսումնասիրությունների արդյունքներով»,- նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Ոստիկանությունը նշում է նաև, որ տեսախցիկների տեղադրումը դիտարկվում է ոչ միայն ճանապարհային երթևեկության կառավարման, այլև ընդհանրապես հանցավորութան դեմ պայքարի ու հանցագործության դեպքերի նվազեցման համատեքստում:

«Ուստի, անկախ նրանից, թե տեսախցիկների ինչ քանակ կնախատեսվի, դրանք համաչափության սկզբունքով պետք է տեղադրվեն և մայրաքաղաքում, և մարզերում:
Ինչ վերաբերում է լուրերին, թե տեսախցիկներ են տեղադրվում «ընդդեմ» վարորդների, ապա հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման գործընթացը, ինչպես և կիրառության մեջ է դրել երթևեկության կազմակերպման պատժական սկզբունքը ոստիկան-վարորդ-հետիոտն համագործակցության սկզբունքով փոխարինելու գործընթացը»,- նշված է պարզաբանման տեքստում:

Ուստի ոստիկանությունը կրկնում է` ինչպես ուսումնասիրվող, այնպես էլ ոստիկանության կողմից կիրառման դրված ու նախատեսվող բոլոր ծրագրերը ուղղված են ոչ թե որևէ մեկին տուգանելուն, այլ քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովմանը: