Սերժ Սարգսյանը խուսափում է մարդաշատությունից. «Փաստ»

Թերթը գրում է, որ շարքային կուսակցականները շփոթմունքի մեջ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ի տարբերություն նախկինի, իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն գրեթե ԳՄ նիստեր չի հրավիրում, էլ չենք խոսում խորհրդի նիստերի մասին: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ուղղակի խուսափում է մարդաշատությունից: Նա նախընտրում է առանձին հանդիպումներ ունենալ մի քանի «կարկառունների» հետ, իսկ մյուսների հետ կապը պահել վերոնշյալ մի քանիսի միջոցով»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` արդյունքում խորհրդի անդամներից շատերը (առավել ևս՝ շարքային կուսակցականները) ուղղակի տարակուսանքի ու շփոթմունքի մեջ են, չգիտեն իրենց անելիքները:

«Փաստի» հետ զրույցում նրանցից մեկն ասել է, թե ամբողջ բացասականը, որ եղել է անցած տարիներին, տարածվում է բոլոր ՀՀԿ-ականների վրա, անկախ նրանից՝ կապ ունեն այդ ամենի հետ, թե ոչ. արդյունքում դժվար է նույնիսկ «մարդամեջ» դուրս գալը: Իսկ կուսակցական ղեկավարությունը ոչինչ չի ասում հետագա անելիքների մասին:

Ավելին, թերթի զրուցակցի խոսքով, աշնանը կայանալիք համագումարն էլ երևի թե չի կայանա: Ի դեպ, նա նաև տեղեկացրել է, որ հատկապես մարզերում մարդիկ մեծ քանակով դուրս են գալիս ՀՀԿ-ից, իսկ նրանք, ովքեր չեն ուզում պահի թելադրանքով առաջնորդվել, ուղղակի անելանելի դրության մեջ են: