Ազատազրկման վայրերում իրավիճակ է փոխվել. դատապարտյալները հույսով սպասում են

Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել նաև Քրեակատարողական հիմնարկներում։ Հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է փակ հաստատություններում տիրող ներկա վիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Համաներման ամենից շատ սպասում են ազատազրկման վայրերում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով հնարավոր համաներման մասին տարածված լուրերին, ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։

«Նախարարությունն էլ այս հարցով քննարկումներ է ունեցել։ Ուղղակի ասվեց, որ այդ պրոցեսն այս փուլում դեռ գաղտնի է», —ասաց Հարությունյանը` միաժամանակ, սակայն, հավելելով, որ համաներումը չպիտի դիտարկվի որպես ՔԿՀ-ներում կուտակված բոլոր խնդիրների լուծման միջոց։

«Մինչև համաներումը կան այլ գործիքներ ու մեխանիզմներ, որոնք եթե աշխատեն, ինչպես նախատեսված է օրենքով, մենք այս խնդիրները չենք ունենա։ Այն հիմնական բողոքները, որոնք կան ՔԿՀ-ներում` մինչդատական վարույթի ընթացքում նշանակվող կալանքներ, վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործարկում կամ անհամատեղելի հիվանդությունների հիմքով պատժից ազատում, եթե օրենքն աշխատի, ուղղակի չեն լինի»,- ասաց իրավաբանը։

Հայաստանում համաներման հարցը հանրությունից գաղտնի է պահվում

Ավելի քան 2 ամիս առաջ` հունիսի 20-ին, մինչ հնարավոր համաներման մասին լուրերը, դիտորդական խումբը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին առաջարկներ էր ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում առկա ոչ կանոնադրական հարաբերությունների, քրեական ենթամշակույթի հետ կապված, արմատավորված խնդիրների լուծման ուղղությամբ:

Հարցին, թե ինչ է արվել այս ուղղությամբ, Հարությունյանը պատասխանեց. «Մենք հետևելու ենք, թե որքանով են մեր առաջարկներն իրագործվում։ Բայց այս պահին չեմ կարող ինչ-որ նկատելի փոփոխության մասին խոսել, քանի որ խնդիրն այնպիսին է, որ շատ ժամանակ ու ռեսուրս է պահանջելու»։

Նախարարին ուղղված նամակում դիտորդական խումբն արձանագրել էր, որ Քրեակատարողական հիմնարկներում առկա ոչ կանոնադրական, քրեական ենթամշակույթի և չգրված օրենքներով հարաբերությունները ոչ միայն ազդում են ազատազրկվածների ընդհանուր բարոյահոգեբանական վիճակի վրա, այլև լուրջ խոչընդոտներ են ստեղծում վատ վերաբերմունքի, խոշտանգումների և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար։ Որպես լուծում խմբի անդամներն առաջարկում էին քրեակատարողական հիմնարկներում պահվող բանտային քրեական մշակույթի հետևորդներին առանձնացնել այդ մշակույթի հետևորդ չհամարվող ազատությունից զրկված անձանցից։

Համաներումն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար. ազատե՞լ, թե՞ ուղղել, նոր ազատել

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ների աշխատակիցների ներգրավվածությանը նույն այդ հանցավոր շղթային, դիտորդական խմբի ղեկավարը փաստեց, որ վերջին ամիսներին բացահայտված դեպքերը վկայում են` իրավիճակ է փոխվել ոչ միայն ճաղավանդակներից այս կողմ, այլև ՔԿՀ-ների ներսում։

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքում ՔԿՀ 47 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, 10-ը` ազատվել աշխատանքից։ 5 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

«Մինչև հեղափոխությունը մենք այդքան շատ դեպքեր չենք ունեցել։ Կարծում եմ` կարող ենք արձանագրել, որ սա կարող է պայմանավորված լինել իրավիճակի փոփոխությամբ»,- ասաց Հարությունյանը։

Նույն իրավիճակի փոփոխության արդյունքում, դիտորդական խմբի ղեկավարի խոսքով, դատապարտյալների շրջանում ևս կա ակնկալիք, որ իրենց քրեական գործերում առկա խնդիրները կարող են լուծում ստանալ։