ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Մոնղոլիայում հետաքրքրվել են «ԱրՄաթ» դպրոցական լաբորատորիաների մոդելով: Երևանում Moninvention ընկերությունը և Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Moninvention-ը, որը նախագծեր է իրականացնում կրթության ոլորտում, ուզում է ընդօրինակել «ԱրՄաթ» լաբորատորիաների փորձը: Հայաստանի և Արցախի դպրոցներում դրանց թիվը գերազանցում է 220-ը: Լաբորատորիաներ կան ինչպես Երևանում, այնպես էլ հեռավոր գյուղերում: Արտադասարանական (անվճար) պարապմունքների ընթացքում երեխաները ոչ բարդ ծրագրեր և խաղեր են յուրացնում, սովորում են ռոբոտներ հավաքել և հրամաններ տալ նրանց, աշխատել 3D տպիչներով և ուսումնական ֆրեզահաստոցներով:
Մոնղոլ մասնագետներն ուզում են լ այդ փորձը ներկայացնել իրենց հայրենիքում: Սկզբում` մասնավոր դպրոցներում, հետո՝ պետական:
«Բանակցությունները երևի 6-8 ամիս կտևեն: Դրանից հետո, եթե մեր մոնդոլ ընկերները հավանություն տան նախագծին, նրանք մեզ հետ պայմանագիր կկնքեն: Այդ ժամանակ մեր մասնագետները կմեկնեն Մոնղոլիա և այնտեղ ցույց կտան ուսումնական ծրագիրը», — հայտարարել է Վարդանյանը:
Նշենք, որ դպրոցական խմբակներում առկա ֆրեզահաստոցները հավաքում է երևանյան ընկերությունը, 3D տպիչները՝ Գորիսի ընկերությունը:
«Եթե պատվերները շատ լինեն, նրանք կարող են արտադրություն բացել նաև Մոնղոլիայում», — ասաց Վարդանյանը:
Ինչո՞ւ հայ երեխաները դուրս չեն գալիս լաբորատորիայից: Մոնղոլներն առաջինը չեն, որ տալիս են այդ հարցը: Առաջիկա երկու օրերին Հայաստան կժամանի Հնդկաստանի բժշկական քոլեջները ներկայացնող պատվիրակությունը։ Ուզում են չորս լաբորատորիաների համար հավաքածուներ ուղարկել Հնդկաստան: Իսկ սեպտեմբերի 13-ին պատվիրակություն կժամանի Բանգլադեշից: