«Չեմ կարողացել գնալ մորս թաղմանը». հայկական անձնագրով ադրբեջանուհու պատմությունը

Беженка из Азербайджана Егана Г.
Տարածված կարծիք կա, թե Հայաստանում ադրբեջանցիներ չկան։ Բայց այդպես չէ, Հայաստանում ապրում են ադրբեջանցիներ, որոնք մեր երկիրը հայրենիք են համարում: Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանուհու պատմությունը:
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հանրակացարանում, որտեղ փախստականներ են ապրում, կարելի է հանդիպել տարբեր ազգությունների ներկայացուցիչների. նրանք այստեղ ճակատագրի բերումով են հայտնվել: Հենց այդ հանրակացարանում էլ մենք հանդիպեցինք մի կնոջ, որն Ադրբեջանից է հասել Հայաստան։

Азербайджанское кладбище в селе Ехегис
Ինչ է թաքցնում Եղեգիս գետը. լքված ադրբեջանական գերեզմանատունը և հնաբնակի խոստովանությունը

Ե. Գ.-ին տեսնելիս դժվար թե գլխի ընկնեք, որ ադրբեջանցի է: Հայերեն է խոսում, բայց յուրահատուկ առոգանությամբ, ժամանակ առ ժամանակ ռուսերենի անցնելով:

— Վաղու՞ց եք այստեղ, — հարցնում եմ ես:

— Ես լրագրողների հետ չեմ խոսում, — կտրուկ պատասխանում է կինը՝ շարժվելով դեպի իր սենյակ։

Գնում եմ նրա հետևից և պատմում, որ ինքս Վրաստանից եմ և ադրբեջանցի ընկերներ ունեմ: Կինը կանգ է առնում:

— Քեզ հավատում եմ, — ասում է նա և հրավիրում իր սենյակ: Բարձրանում ենք շենքի հինգերորդ հարկ, նեղ միջանցքները տանում են փայտյա դռան մոտ, որի հետևում լուսավոր սենյակն է` 14 քառակուսի մետր բնակելի մակերեսով: Արդեն երեք տարի է`կինն ապրում է այստեղ:

Նա տեղն է դնում պոլիէթիլենային տոպրակից ընկած իրերը, որոնք ուրիշներն են օգնություն են բերել։

«Եվ ի՞նչ անեմ սրա հետ: Ինձ պետք չեն, իսկ այ աշխատանք պետք է, որ կարողանամ ինքս ինձ պահել: Ասթմա ունեմ, ամեն գործ չեմ կարող անել», — ասում է կինը: Հետո ցույց է տալիս անձնագիրը, որը հաստատում է՝ նա ծնվել է 1964թ-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում:

Проездной документ беженки из Азербайджана Еганы Г.

«17 տարեկան էի, երբ ամուսնուս հետ փախանք: Նա ազգությամբ հայ է: Ծնողներս, եղբայրներս, բոլորը դեմ էին: Պատահում էր, որ հայ աղջիկներն էին ամուսնանում մերոնց հետ, բայց որ ադրբեջանուհին գնար հայկական ընտանիք, հազվադեպ էր պատահում», — պատմում է կինը:

Բարձրահասակ, սև աչքերով Արթուրը (անունը փոխված է) իսկույն գրավել է ադրբեջանցի աղջկան: Զույգն ամուսնացել է 1981թ-ին Ադրբեջանում՝ անտեսելով Ե. Գ.-ի հարազատների բողոքներն ու վեճերը:

«Ես նրան տիեզերքից շատ էի սիրում, ինձանից չորս տարով էր մեծ: Չորս երեխա ունեցանք` երկու տղա և երկու աղջիկ», — պատմում է կինը:

Երբ սկսվել է արցախյան հակամարտությունը նա ամուսնու հետ եկել է Հայաստան: Եկել են երեք երեխայի հետ. կրտսեր դուստրը ծնվել է Հայաստանում:

«Ընթրիք փողոցում». ինչպես է Ադրբեջանից փրկված հայը հերոս դարձել ԱՄՆ–ում

«Նրանք իրենց հայ են համարում, բայց չեն մոռանում, որ երակներում ադրբեջանցու արյուն է հոսում»,- ասում է Ե. Գ.-ն:

Ադրբեջանցի կինը սիրել է Հայաստանը, բայց շատ է ուզում գոնե մեկ անգամ էլ տեսնել հայրենի Մինգեչաուրին:

«Ես ու ամուսինս արդեն միասին չենք, այդպես ես հայտնվեցի այստեղ (հանրակացարանում՝ խմբ.): Հիմա մենակ եմ ապրում՝ հանուն երեխաներիս ու թոռներիս: Հարազատներս համոզում էին չմեկնել Հայաստան, եղբայրներս երես թեքեցին ինձանից: Ես չեմ զղջում, որ այստեղ եմ, այն ամենը, ինչ արել եմ, ճիշտ է եղել», — ասում է նա:

Միակ բանը, որի համար զղջում է, այն է, որ չի կարողացել ներկա լինել մոր թաղմանը: «Ղարաբաղյան հակամարտությունից հետո ո՛չ հայերը, ո՛չ էլ ադրբեջանցիները չեն կարող միմյանց հյուր գնալ»,- կարծես արդարանում է կինը:

Նա արդեն 28 տարի Հայաստանում է: Չնայած դժվարություններին՝ նա ընտանիքի հետ ոչ մի տեղ չի մեկնել, թեև եղել են տարբեր առաջարկներ:

«Ես ինձ այստեղ միշտ լավ եմ զգացել, ոչ ոք ոչ մի անգամ մատով ցույց չի տվել ինձ ու չի մատնանշել իմ ազգությունը», — ասում է ադրբեջանուհին:

Հարևան Անահիտ տատը նրա համար երկրորդ մայր է դարձել, միասին են կարճում ձմեռային երեկոները, միմյանց սուրճի կամ թեյի հրավիրում: Ամռանը բակը մարդաշատ է, կարելի է շատերի հետ շփվել:

Комната, где проживает беженка из Азербайджана Егана Г.

Ե. Գ.-ն Հայաստանի իշխանություններից մի աշխատանք է խնդրում, որն ի զորու կլինի կատարել: Հիվանդության պատճառով շատ բան չի կարող անել, իսկ առանց աշխատանքի չի կարող ապրել, կենսաթոշակ ստանալու համար էլ դեռ մի քանի տարի կա:

Եթե դա էլ ստացվի, կինը երջանիկ կլինի: Նա երազում է գոնե մեկ անգամ տեսնել հայրենիքը, բայց կասկածում է, որ հայկական անձնագրով ադրբեջանուհուն կընդունեն Ադրբեջանում: