ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գալիք հանդիպումը պետք է դիտարկել երկու հարթություններում` արցախյան հակամարտության կարգավորման և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների պահպանման։ Այդ մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը Դավիթ Բաբայանը։
«Մենք ակնկալում ենք, որ միջնորդ երկրները, այդ թվում` Ռուսաստանը, կշարունակեն ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու, արցախյան խնդիրը կարգավորելու համար», – ասաց Բաբայանը։
Նա դրական գնահատեց Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիիրավ մասնակից, թեև Ստեփանակերտում հասկանում են, որ դա երկար ու բարդ գործընթաց կլինի։
«Նոր իշխանությունները խոսում են այն մասին, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմը և դա, իհարկե, գովելի է։ Ցանկալի կլիներ, որպեսզի մենք զգալի արդյունքներ ունենանք այդ ուղղությամբ», – ասել է Բաբայանը։
Միաժամանակ նա կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել այդ նպատակին հասնելու համար։
Ղարաբաղյան կարգավորումից բացի Փաշինյանի և Պուտինի գալիք հանդիպումը չափազանց կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պահպանելու տեսանկյունից։
Բաբայանի կարծիքով` Հայաստանի հսկայական սփյուռքը թույլ է տալիս ճկուն քաղաքականություն վարել գերտերությունների հետ և շրջանցել սուր անկյունները նույնիսկ հարաբերությունները վատանալու դեպքում։
«Շատ կարևոր է պահպանել հայ–ռուսական հարաբերությունները բարձր մակարդակում, դրանցի շատ բան է կախված», – համոզված է Բաբայանը։
Մեկնաբանելով իրավիճակը արցախյան հակամարտության գոտում` նա փաստեց, որ ապրիլ–մայիսին Ադրբեջանը տեխնիկա և զորամիավորումներ է կուտակել առաջնագծում։ Սահմանին տեղակայվել են զորքեր երկրի այլ շրջաններից։ Այնուհետև շփման գծում համեմատաբար հանգստության շրջան հաստատվեց։
Ինչպես նշեց Բաբայանը՝ Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումները և անցկացնում է նույն քաղաքականությունը։
Դրա հաստատումն են դարձել համեմատաբար անդորրին հետևած սադրանքները։
Օգոստոսի 17-ի կեսգիշերին հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել արցախյան առաջնագծի հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ են շպրտել ելման դիրքեր:
Սեպտեմբերի 1–ին քաղաքացիական հագուստով անձանց խումբը Ադրբեջանից ուղղվել է Պաշտպանության բանակի դիրքերի կողմը։ Ինչ–որ տարածություն անցնելով` նրանք շրջվել են և հետ գնացել։
Արցախում վտանգավոր միտում են համարում հումանիտար խնդիրների վերաբերյալ շահարկումը։
Բարեբախտաբար հումանիտար ոլորտում այդ դիվերսիան ձախողվել է, բայց, ինչպես նշեց Բաբայանը, արցախյան կողմը պետք է պատրաստ լինի ապագայում նման ակցիաների կրկնությանը։
Միաժամանակ նա նշեց, որ այդ դեպքում հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի պաշտոնական Բաքվի վրա։