Փարաջանովի գանձերը հայտնաբերվել են. ինչպես է ռեժիսորը միֆեր ստեղծել և կապել ճակատագրերը

Սերգեյ Փարաջանովի կյանքն ու ստեղծագործություններն ուսումնասիրողները հայտնաբերել են տաղանդավոր ռեժիսորի, սցենարիստի և նկարչի նոր աշխատանքները։ Sputnik–ի հոդվածում կարդացեք, թե բանտում հայտնված Փարաջանովն ինչպես էր պայքարում զրկանքների դեմ, ինչպես էր իր մասին միֆեր ստեղծում և մարդկանց ճակատագրեր կապում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik, Տիմուր Սելիվանով. Սերգեյ Փարաջանովի «Արարատ լեռան գանձերը» սցենարների նոր ժողովածուն Մոսկվա է բերվել գրքի 31-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառի համար։

Сборник "Сокровища у горы Арарат"

Գրքում զետեղված 17 սցենարներից 6-ը նախկինում երբեք ամբողջությամբ չեն հրատարակվել։ ռեժիսորի աշխատանքներն ուսումնասիրող Վերոնիկա Ժուրավլյովան պատմել է, թե ինչպես է ժողովածուն ծնվել Հայաստանի թավշյա հեղափոխության օրերին։

Փարաջանովն է մեզ կապել

Հոգեբան Վերոնիկա Ժուրավլյովան թեկնածուական էր գրում` ուսումնասիրելով ռեժիսորի անձը, և Հայաստան եկավ Փարաջանովի երևանյան արխիվի հետ աշխատելու համար։ Այստեղ ամուսնացավ Փարաջանովի թանգարանի գլխավոր պահապանի` Վիգեն Բարխուդարյանի հետ և այսօր ապրում է մե՛կ մի երկրում, մե՛կ մյուս։

Составители сборника - Вероника Журавлёва и Виген Бархударян

«Փարաջանովին սկսեցի ուսումնասիրել բանտային տարիների ընթացքում ընտանիքին և ընկերներին գրած նամակներով։ Սերգեյ Իոսիֆովիչը բանտում տառապել է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Նա հույս է ունեցել, որ դուրս գալուց հետո իր կուտակած փորձի մասին ֆիլմ կնկարահանի, բայց չնկարահանեց։ Նույնիսկ սցենար չգրեց։ Իր մտահղացումը նա փոխանցեց Յուրի Իլյենկոյին, որը կյանքի կոչեց «Лебединое озеро. Зона» ֆիլմում։ Կարծում եմ` Սերգեյ Իոսիֆովիչին միջնորդ էր պետք իր և ցավոտ փորձի միջև», — ասում է Վերոնիկան։

Նրան ապշեցրել էր Փարաջանովի «թալերների»` մածնի շշից հանված խցանների պատմությունը, որոնք նա արվեստի է վերածել բանտում։ Հոգեբանը վստահեցնում է, որ դրանք արժեքավոր են նույնիսկ առանց բանտային թեմայի։ Դրանք նաև զրկանքները հաղթահարելու վավերագրական վկայությունն են։

Ժամանակի ընթացքում Ժուրավլյովայի ուսումնասիրություններն ընդլայնվել են, ամուսինները միասին սկսել են աշխատել ռեժիսորի սցենարների ամբողջական ժողովածուի վրա։ Աշխատանքը դժվար է առաջ գնացել։ 2015 թվականի աշնանից մինչև 2018 թվականի գարուն, երբ գիրքը լույս է տեսել, նրանք փորձել են առավելագույնս հստակ և խնամքով փոխանցել Փարաջանովի սցենարային մտահղացումները։

Коллаж "Друзья (Мои-тюремные-друзья)", созданный Параджановым во время второго тюремного заключения 1973 - 1977гг

Գիրքը տպելու, նկարչի, կազմարարի և խմբագրի աշխատանքը վարձատրելու համար գումար են տրամադրել ռեժիսորի երկրպագուները. նրանք ավելի քան 150 հազար ռուբլի են հավաքել քրաուդֆանդինգի միջոցով։ Վերոնիկան և Վիգենը ստեղծել են Parajanov Art Laboratorium անկախ ստեղծագործական միավորումը, որպեսզի շարունակեն ուսումնասիրել Փարաջանովի թողած ժառանգությունը։

Կավաքար և յասաման

Ժողովածուի համար ընտրվել է Փարաջանովի` առաջին անգամ տպագրված սցենարի անունը` «Արարատ լեռան գանձերը»։ Ռեժիսորն այստեղ մտորում է Հայաստանի քրիստոնեական ժառանգության մասին։ Ահա թե ինչ է նա գրում խաչքարերի մասին.

«Ինչպես խաղողի որթի անվերջ գործվածք, խաչված ճյուղեր, միահյուսված զարդանախշեր ծնվում է խաչքարերի փորագրությունը։ Հավերժ խորհրդանիշ… Կյանքի և մահվան սահմանագծին կանգնած կոթող` Խաչքարը… Խաչքարը քարի վրա և հայի հոգում…»։

Իսկ «Արա գեղեցիկ» սցենարում (Նաիրի Զարյանի ողբերգության մոտիվներով) Փարաջանովն օգտագործում է… գույնը` կերպարների միջև կենտրոնական կոնֆլիկտն ընդգծելու համար։

Տիպիկ հայկական սյուժե, կամ ինչպես է անիմատոր Մանեն շարունակում Փարաջանովի գործը

«Սիրո աստվածուհի Շամիրամն ու Ասորեստանում ծավալվող գործողությունների սյուժեի գիծը պատված են ձիթապտղի և կավաքարի գույներով, Արա գեղեցիկն ու Հայկի երկրում տեղի ունեցող իրադարձությունները` սպիտակով և մանուշակագույնով։ Ահա օրինակներ. «Շամիրամը կապիկների երեսին է շպրտում ժանգոտ յասամանի և ձիթապտղի պտուղները…» և «Ողողում էին ջրվեժի թափանցիկ ու մանուշակագույն ջրերը Արա գեղեցիկին և սպիտակ արքայական ձիուն»։ Մի քանի գիտաշխատանք նվիրել եմ Փարաջանովի այս դրամատուրգիական տեքստերին», — պատմում է ուսումնասիրողը։

Տպարանից հետո գրքերի առաքումն էլ դրամատիկ պատմություն ունի, ինչպես կինոյում։ Կազմարարները խմբաքանակի հետևից գնացին ապրիլի 23-ին, Երևանում տեղի ունեցող հեղափոխության ժամանակ։ Մոտ 20 կգ քաշ ունեցող առաջին 20 գրքերը նրանք գրկած բերեցին, որովհետև փողոցները փակ էին։ Վերոնիկան տպագրված ժողովածուի առաջին լուսանկարը հրապարակեց #рожденнаявреволюции հեշթեգով։

Ոչինչ չկարդացածի մասին առասպելը

Գիրքը տպագրվեց 300 տպաքանակով։ Parajanov Art Laboratorium արդեն երկրորդ գրքին է պատրաստվում ևս մեկ հայտնաբերված սցենարով։ Նրանք չեն պատրաստվում դադարեցնել որոնումները։

Թե ինչպես աղքատ ուսանողներ Փարաջանովն ու Անդրանիկյանը ծանոթացան ավտոբուսում

«Հստակ գիտեմ, որ չհրապարակված սցենարներ էլի կան։ Շատ աշխատանքներ մասնավոր հավաքածուներում են գտնվում. Սերգեյ Իոսիֆովիչը սիրում էր իր աշխատանքները ընկերներին, գործընկերներին և նույնիսկ իրեն դուր եկած անծանոթ մարդկանց նվիրել։ Այնպես որ նոր բացահայտումների, անկասկած, արժե սպասել»։

Նման գրական արդյունավետությունը (իսկ ռեժիսորը շարունակում էր սցենարներ գրել նույնիսկ բանտախցում) չի կարող չզարմացնել։ Ընդ որում` նրա մտերիմ ընկերները բազմիցս ասել են` Փարաջանովը ոչինչ չի կարդում, նրա ձեռքին երբեք գիրք չես տեսնի։

«Ընթերցանությունը գործընթաց է, որը սովորաբար ընթանում է առանց ականատեսների։ Կարծում եմ` Փարաջանովը գրականություն լավ գիտեր։ Նրա սցենարների մեծ մասի հիմքում գրական տեքստեր են», — պարզաբանում է Վերոնիկան։

Նա նշում է, որ «Մոռացված նախնիների ստվերները» սցենարը Փարաջանովը գրել է Իվան Չանդեյի հետ Միխայիլ Կոցյուբինսկու վեպի մոտիվներով, «Նռան գույնը»` ոգեշնչվելով Սայաթ-Նովայի պոեզիայով, «Աշուղ ղարիբ» ֆիլմի գաղափարը մշակել է ժողովրդական հեքիաթի հիման վրա։ «Ոչինչ չկարդացած» Փարաջանովի կերպարը, Ժուրավլյովայի կարծիքով, առասպելի մի մաս է, որը հենց նա էր ձևավորում։