«Նոր ալիքի» հայ մասնակիցը շարունակում է հաղթել. Գևորգն առաջին հորիզոնականում է. բացառիկ

Գևորգ Հարությունյանը, որ մրցույթից առաջ որոշել էր «Նոր ալիքին» վերաբերվել որպես մենահամերգի, մրցութային երկու օրերի արդյունքում ամենաբարձր միավորներին է արժանացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը մրցութային երկրորդ օրը նույնպես ավարտեց հաղթանակով։ Նա երգեց «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքը և արժանացավ 100 միավորի։ Ինչպես նշված է մրցույթի պաշտոնական կայքում, հայ երգիչն այս պահին առավելագույն միավորներ ունի։

Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում երգիչը խոստովանեց` «Նոր ալիքին» մասնակցելուց առաջ որոշել էր, որ մրցույթին վերաբերվելու է որպես մենահամերգի։

«Ինձ համար որոշել էի` դուրս կգամ բեմ, հաճույք կստանամ, կպատմեմ իմ պատմությունն ու կհեռանամ։ Ինձ ոչինչ չխանգարեց։ Շատ ուրախ եմ, որ ելույթն այսպիսի բուռն արձագանք է առաջացրել», — ընդգծեց նա։

Երգիչը պատմեց, որ մի քանի ամիս է նախապատրաստվել համերգին։ Եվ մրցութային առաջին օրը հաջող ելույթ ունենալուց հետո սպասումներն ավելացել են։ Միևնույն ժամանակ մեծացել է նաև պատասխանատվության զգացումը, քանի որ նա առաջին անգամ է ներկայացնում երկիրը։

«Մեր ջիգյարն ես». «Նոր ալիքի» հայ մասնակցի ելույթը սոցցացներում աժիոտաժ է առաջացրել

«Այս ամիսների ընթացքում շատ եմ աշխատել, ելույթի տեխնիկական մասը պատրաստ է։ Այժմ ես մի կողմ եմ դրել սթրեսն ու խուճապը և փորձում եմ թուլացնել նյարդերս», — նշեց Գևորգը։

Այժմ Հարությունյանը անհանգստանում է և մտածում ավելի մեծ արդյունքների հասնելու հասնի։

«Ինձ համար շատ կարևոր է հայտնի արտիստների առավելագույն գնահատականին արժանանալը», — ընդգծեց նա։

Հարությունյանի երրորդ ելույթը կկայանա սեպտեմբերի 8-ին։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 9-ին։

Գևորգ Հարությունյանը ծնունդով Կապանից է։ 2013 թվականին Հայաստանում «Х — ֆակտոր» նախագծում հինգերորդ տեղն էր զբաղեցրել։ 2014 թվականին պրոֆեսիոնալ պարուհի Շուշաննա Դաբաղյանի հետ դուետում հաղթել էր «Պարեր աստղերի հետ» մրցույթում։ Վերջերս ստանձնել է Կապանի մշակութային կենտրոնի ղեկավարի պաշտոնը։