20 տարի անց. Ասլամազյանական արևոտ գույները ցուցադրվում են Մոսկվայում

Նախագիծը հարգանքի յուրահատուկ ժեստ է տաղանդավոր նկարչուհուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մոսկվայի Արևելքի թանգարանի և Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի համագործակցության արդյունքում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 18-ը 20-րդ դարի սոցիալիստական մոդեռնիզմի և Խորհրդային Միության ամենահայտնի կին արվեստագետներից մեկի` Մարիամ Ասլամազյանի «Արևոտ գույների պատմություններ» խորագրով ցուցահանդեսը ներկայացվում է Մոսկվայում։

«Արևոտ գույների պատմություններ» նախագիծը հարգանքի յուրահատուկ ժեստ է տաղանդավոր նկարչուհուն, որի աշխատանքները քսանամյա դադարից հետո վերստին ցուցադրվում են Մոսկվայում»- տեղեկացրեց պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:

Հատուկ այս նախագծի համար ընտրված երեսունչորս գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները ստեղծվել են 1930-ականներից մինչ 80-ական թվականները և վերցված են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» (Գյումրի, Հայաստան), Մոսկվայի Արևելքի թանգարանի, Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից և անհատ կոլեկցիոներներից։

Ինչպես Ասլամազյան քույրերը «խաբեցին» սովետին ու Հայաստան բերեցին Ինդիրա Գանդիին

«Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Մարիամ Ասլամազյան մշակութային գործչի և մեծ «մշակույթին հայրենասերի» մասին է խոսում նաև 1987 թվականին «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի հիմնադրման փաստը: Մարիամ Ասլամազյանն իր քրոջ՝ Երանուհու հետ որոշեց իրենց ստեղծագործությունների ամենամեծ և հատընտիր հավաքածուն նվիրաբերել իրենց հայրենի քաղաք Լենինականին (այժմյան Գյումրի)՝ հիմնադրելով Անդրկովկասում եզակի մի պատկերասրահ, որի գործունեությունը մինչև այսօր կարևոր խթան է մշակութային կյանքի պահպանման և զարգացման համար»,- նշեց Ղուկասյանը:

Մոսկվայի Արևելքի թանգարանում բացված ցուցահանդեսը նվիրված է Մարիամ Ասլամազյանի 110-ամյակին: Թանգարանի համար ևս տարին հոբելյանական է՝ նշվում է թանգարանի գործունեության 100 ամյակը: Ի դեպ, նմանատիպ լայնամասշտաբ ցուցադրություն Մոսկվայում կազմակերպվել էր 20 տարի առաջ:

Ցուցահանդեսը գործում է Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահի» նախաձեռնությամբ՝ Գայանե Նիկողոսյանի ֆինանսական աջակցությամբ: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունները, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: