«Բաստուրմա, սիրելիս». Հայաստանը ցանկանում է ցրել Ռոսսելխոզնադզորի կասկածները

Երկու երկրների տեսուչները ցանկանում են պարզել` Հայաստանում դաբաղ կա, թե ոչ։ «Ոչ»–ից հետո բաստուրմայի արտահանումը հաստատ կվերսկսվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ապխտած մսամթերքի մասին բանակցությունները կշարունակի Ռոսսելխոզնադզորի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։

Ովքե՞ր են «Բաստուրմաջյանները». ամերիկուհին պատմել է «Սահակի բաստուրմայի» մասին

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից մսամթերքի և կաթնամթերքի հումքի (առանց ջերմային մշակման) համար արգելք է սահմանել 2015թ-ի դեկտեմբերին, երբ Հայաստանում դաբաղի նոր տեսակ էին հայտնաբերել։ 2016թ-ի հունվարին Հայաստանը Ռուսաստանից ստացել է հատուկ մշակված պատվաստանյութ, որը բաժանել է գյուղացիներին։ Բայց արգելքը չի հանվել։ Պարբերաբար Հայաստան են ժամանում Ռոսսելխոզնադզորի մասնագետները և ծանոթանում իրադրությանը։

Ինչպես Sputnik Արմենիային հաղորդեցին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, արգելքը դեռ չեն հանել։

Ռուս մասնագետները նշում են, որ Հայաստանում անասնահամաճարակային իրավիճակը (կոնկրետ տարածքում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածվածության վիճակը` խմբ.) մինչև վերջ ուսումնասիրված չէ։

«Հայ գործընկերները բազմիցս հանդիպել են նրանց հետ, և մենք նույնպես։ Նրանց խոսքով` նրանք միշտ պատրաստ են համագործակցել և փոխանակել տվյալները։ Նրանց դիրքորոշումը նույնպես հասկանալի է. նրանք հոգ են տանում իրենց քաղաքացիների առողջության և սանիտարային անվտանգության մասին։ Բայց նրանք պատրաստ են ամեն ինչ մինչև վերջ ստուգել, որպեսզի արգելքը հանվի», — նշեց Ասոյանը։

Նշենք, որ հիմա Հայաստանը ոչ մեծ քանակությամբ մսամթերք է արտահանում։ 2017թ-ին երշիկեղենի արտահանումը կազմել է միայն 234 տոննա, դրանից 225 տոննան` Վրաստան, 5 տոննան` Ռուսաստան։