«Պարոն Տոնոյան, ես դա ձեր հայացքում կարդացի». ինչո՞ւ հետաձգվեց երեխաների նպաստի հարցը

Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ցանկանում են երեք անգամ ավելացնել։ Իսկ եթե երկվորյակ կամ եռյակ ծնվի, ժլատություն չեն անի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը երեք անգամ կավելանա։ Համապատասխան որոշման նախագիծը քննարկվեց սեպտեմբերի 6-ին կառավարության նիստում ու հետաձգվեց։

Նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է թռիչքի պատրաստի. Փաշինյան

Մասնավորապես, առաջին երեխայի ծննդյան նպաստը նախկինի նման կկազմի 50 հազար դրամ։ Իսկ երկրորդ երեխայի դեպքում առաջարկում են նպաստը դարձնել 150 հազար դրամ։

Երրորդ և չորրորդ երեխաների համար ոչինչ չի փոխվի։ Երրորդի և չորրորդի համար նպաստը կկազմի 1 միլիոն դրամ, հինգերորդ և ավելի երեխաների համար` 1,5 միլիոն։

«Պարոն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի, որ ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան», — կատակով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արդեն պատրաստվում էին որոշում ընդունել, երբ հանկարծ հորիզոնում ընտանեկան դրամա ծագեց։ Ի՞նչ անել, եթե երկրորդ և երրորդ երեխան միանգամից ծնվեն։ Երեխաներից ո՞ր մեկին տրամադրեն 150 հազար, իսկ մյուսին` 1 միլիոն դրամ։

«Իսկապես, ինչպե՞ս պարզենք», — հարցրեց Փաշինյանը` հազիվ զսպելով ծիծաղը։

Կառավարության անդամներն առաջարկեցին երկու երեխայի համար էլ տրամադրել մեկական միլիոն դրամ, իսկ եթե եռյակ ծնվի, յուրաքանչյուրին` 1,5 միլիոն։ Այլ կերպ ասած` տրամադրել առավելագույն հնարավոր գումարը։

«Լավ, հետաձգենք հարցը ավելի մանրամասն քննարկելու համար։ Ի դեպ, քանի՞ երեխա ունեն նախարարները։ Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր երկու և ավելի երեխա ունեն», — հայտարարեց վարչապետը։

Դահլիճում երեսունից ավելի ներկաների շարքում մի քանի ձեռք բարձրացավ։

Նշենք, որ այստեղ Նիկոլ Փաշինյանն առաջատար է. նա չորս երեխա ունի։