Ռուսաստանն ակնկալում է անկեղծ զրույց. Կրեմլում մեկնաբանել են Պուտին–Փաշինյան հանդիպումը

Մոսվայում հույս ունեն, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև լուրջ խոսակցություն կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանը բացահայտ և լուրջ խոսակցություն է ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

Խնդիրներ կան, և դրանք պետք է լուծել. քաղաքագետները` Փաշինյանի ու Պուտինի հանդիպման մասին

Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով` երկու կողմերից կուտակվել են շատ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել սեպտեմբերի 8–ին կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ընթացքում։

«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ՝ հայկական: Ուստի մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես համագործակցությանը, այնպես էլ՝ ԵԱՏՄ–ին ու ՀԱՊԿ–ին», – ասել է Ուշակովը։

Կրեմլի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հայտնվել գալիք հանդիպման ծրագրի մասին։ Փաշինյանը և Պուտինը կքննարկեն ռուս–հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հարցերը։

Ռուսաստանի  նախագահը և Հայաստանի կառավարության ղեկավարն արդեն երկու հանդիպումներ են ունեցել. մայիսին՝ Սոչիում և հունիսին՝ 2018թ–ի աշխարհի առաջնության շրջանակում, ինչպես նաև երեք անգամ զրուցել են հեռախոսով։