The Mirror պարբերականն առաջիններից էր, որ հրապարակեց աղմկահարույց տեսանյութը։ Միջադեպի պատճառն այն էր, որ Channel 2–ի հաղորդավարուհի Յոնիթ Լևին չէր համաձայնեցրել հարցերը Բիլլ Քլինթոնի մասին, որի հետ Մոնիկա Լևինսկին կապ է ունեցել Սպիտակ տանը ստաժավորման ընթացքում։
«Դուք դեռևս սպասում եք, որ նա ներողություն խնդրի։ Սպասում եք, որ անձամբ ձեզանից ներողություն խնդրի՞», – հարցրել է սադրիչ հաղորդավարուհին։
Այդ հարցից հետո վրդովված Մոնիկան կտրուկ կանգնել ու հեռացել է, ասելով. «Ցավում եմ, բայց չեմ պատասխանելու այդ հարցին»։
Ավելի ուշ նա գրել է Twitter–ում, որ նախնական պայմանավորվածության համաձայն, հաղորդավարուհին չպետք է այդ թեմայով խոսեր։ Լևինսկիի խոսքով` նա լքել է տաղավարը, որ ցույց տա` որքան կարևոր է, որ կինը կարողանա պաշտպանել ինքն իրեն։
Հիշեցնենք` 1998 թվականին սկանդալ էր եղել կապված ԱՄՆ–ի 42–րդ նախագահի ու Սպիտակ տան երիտասարդ աշխատակցի կապի առիթով։ Այն ժամանակ Քլինթոնին իմպիչմենտ էր սպառնում, սակայն սենատում երկար դատավարության արդյունքում բոլոր մեղադրանքները հանվել էին։ Իրարանցման հետևանքով Լևինսկին, իր խոսքով, երկար ժամանակ պայքարել է ընկճախտի դեմ: