Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող դուստրը ներկայացել է ՀՔԾ. ՀԺ

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց, ըստ տեղեկության, ընտրվել է ստորագրությունը երկրից չբացակայելու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Սեպտեմբեր — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը՝ Անի Լեւոնի Սարգսյանը, սեպտեմբերի 1-ին ներկայացել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է

Հիշեցնենք, Լեւոն Սարգսյանի դստեր նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այս տարվա հուլիսին:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ՝ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Անի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Այս գործով հետախուզվում է նաեւ Լեւոն Սարգսյանը եւ նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Լեւոն Սարգսյանի նկատմամբ՝ կալանավորումը: Նրանք նույնպես որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ ՔՕ 310.1 հոդվածով եւ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Թաղայինը» բռնեց Քոչարյանին, բայց չի փնտրում Սերժ Սարգսյանին

Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի եւ քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել  իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները եւ թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի եւ Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Նարեկ Սարգսյանի արկածները. ի՞նչ կապ ունի փոխվարչապետ Ավինյանի օգնականը

«Պարզվել է նաեւ, որ Նարեկ Սարգսյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել 2017 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը՝ այդ կերպ քողարկելով հաշվետու ժամանակահատվածում իր ապօրինի հարստացումը: Այսինքն` Նարեկ Սարգսյանի գույքի ավելացումը նույնպես էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ Լյովա, Անի եւ Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 19.196.608 ՀՀ դրամի, 1.683.851.175 ՀՀ դրամին համարժեք՝ 3.482.269 ԱՄՆ դոլարի, 286.950.000 ՀՀ դրամին համարժեք 600.000 ԱՄՆ դոլարի, 992.978.234,25 ՀՀ դրամին համարժեք 1.928.009 ԱՄՆ դոլարի եւ 358.858.273 ՀՀ դրամին համարժեք 744.133 ԱՄՆ դոլարի գումարները»»,-գրում է պարբերականը: