ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարության ներկայացրած նոր օրինագիծը, որը վերաբերում է ընտրակաշառքներին, իրավական քննադատության չի դիմանում։ Այս մասին այսօր պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Հանձնաժողովի նիստում քննարկվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը, որտեղ առաջարկվում է արգելել ցանկացած բարեգործական գործունեություն նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողներին կաշառելու, այլ նաև կաշառք խոստանալու համար։ Առաջարկվում է այդ մարդկանց պատժել մինչև 400 հազար դրամ տուգանքով կամ մինչև հինգ տարի ազատազրկումով։
Ընդ որում` առաջարկվում է կաշառք համարել ոչ միայն փող տալը, այլ նաև ուրիշ նյութական բարիքներ բաժանելը, օրինակ` սննդամթերք։
Օրինագիծը քննադատել են ՀՀԿ-ի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։
«Այդ դեպքում ի՞նչ պետք է ասի ագիտատորը, որպեսզի նրան հանկարծ չասեն` ընտրակաշառք է առաջարկում, և ընդհանրապես ի՞նչը պետք է կաշառք համարել, օրինակ` ո՞ր սննդամթերքները։ Կարկանդակնե՞րը, թե՞ կաղամբն ու վարունգը։ Դա կաշա՞ռք է», — հարցրեց ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մահմուդյանը։
«Դե ինչ-որ մեկը խոտն էլ կարող է սննդամթերք համարել», — ավելացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պողոսյանը։
Կոստանյանի խոսքով` հենց այդ անորոշությունը, թե ինչն է կաշառքի խոստում, իսկ ինչը ոչ, անթույլատրելի է օրենքում։
Մահմուդյանն իր հերթին նշեց, որ ՀՀԿ-ն դեմ է օրինագծին, բայց ոչ մի քաղաքական շահ չունի, քանի որ առաջիկա խոշոր ընտրություններին (Երևանի ավագանու) չի մասնակցելու։
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, որը ներկայացնում էր օրինագիծը, պատասխանեց, որ հանցագործություն պետք է համարվի ոչ միայն կաշառքը, այլ նաև դրա խոստումը` Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով Եվրոպայի խորհրդի խմբի (GRECO) չափանիշների համաձայն։
Առաջարկվում է բարեգործության համար արգելք սահմանել, որպեսզի դրա անվան տակ չքողարկեն ընտրակաշառքը։ Դրա համար մեխանիզմները շատ են։ Կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և հիմնադիրներ նշանակել անձանց, որոնք արտաքուստ կապված չեն քաղաքական կուսակցությունների հետ։ Այդ խնդիրը լուծելու համար առաջարկվում է նախընտրական քարոզարշավի ընթացքում չեղյալ հայտարարել բարեգործությունը։
Այնուամենայնիվ, այդ փաստարկները չեն համոզել «Ծառուկյան» և ՀՀԿ խմբակցությունների պատգամավորներին։ Առաջինները պատրաստվում են զերծ մնալ քվեարկությունից, երկրորդները` դեմ քվեարկել։
Նշենք, որ իրականում ոչ ոք չպետք է վերահսկի քաղաքացու քվեարկելու գործընթացը (նույնիսկ եթե փող է վերցրել)։ Այդ փաստը չընդգծեց ո՛չ ՀՀԿ խմբակցությունը, ո՛չ «Ծառուկյանը»։ Իսկ «Ելք» դաշինքի պատգամավորները չմասնակցեցին քննարկմանը։