Ինչպես են թալանել «Հյուսիս–հարավը». դատախազությունը 16 հատորանոց քրեական գործ է կազմել

Ո՞ր նախկին կամ ներկա պաշտոնյաներն են թալանել «Հյուսիս–հարավ» ծրագրով հատկացված 23.5 միլիարդ դրամը և ինչպե՞ս։ Դատախազությունը պատասխան է ակնկալում Քննչական կոմիտեից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Բացի այն, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը չի ավարտվել 9 տարում, չեն իրականացվել քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքներ, նաև պետությանը պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի վնաս: Այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

«Հյուսիս–հարավ». Իրանի սահմանից մինչև Հայաստանի լեռներ տանող մայրուղու նախագիծը պատրաստ է

Դատախազությունում այս ծրագրում տեղ գտած չարաշահումների վերաբերյալ 16 հատորանոց քրեական գործ են հարուցել և այն ուղարկել Քննչական կոմիտե` նախաքննության համար։

Բայց մինչ այդ դատախազությունը նաև որոշ փաստեր է հրապարակել։

Այսպես` 2009-2018 թվականների ընթացքում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում ներգրավված պաշտոնատար անձինք, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխել են ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:

Բացի այդ, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Սահմանել են իրավական ակտերով հաստատված առավելագույն չափը կրկնակի գերազանցող գին, պայմանագրերում անհիմն փոփոխություններ են կատարել, դրանցում ներառել անհարկի աշխատանքներ` բարձրացնելով գները:

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մի հատվածը կքանդվի

Չեն վերահսկել շինարարական աշխատանքների և շինանյութերի որակն ու դրա հետևանքով շահագործման են ընդունել անորակ կատարված Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ հատվածները:

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ կատարված ուսումնասիրություններն ի հայտ են բերել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու հանցագործության հատկանիշներ, որի հիմքով էլ հարուցվել է ՔԿ ուղարկված քրեական գործը։