Եվ կրկին Բիլզերյանը. Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է ուղարկել ԱՄՆ

Բաքվում անօրինական են համարել միլիոնատիրոջ գործողություններն Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Դեն Բիլզերյանի արցախյան այցի կապակցությամբ բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին։ Այդ մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Դեն Բիլզերյանը մեկնելուց առաջ Ծիծեռնակաբերդ է այցելել. լուսանկարներ

Գիլին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան են հանձնել ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրած բողոքի նոտան։ Բողոքի նոտայում պաշտոնական Բաքուն ընդգծել է, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Հայաստանի տարածքով և «խախտել է Ադրբեջանի միգրացիոն օրենսդրությունը», բացի այդ, նա «անօրինական կերպով» զենք է ձեռք բերել ու ցուցադրական կրակ բացել այնտեղ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Բիլզերյանի «անպատշաճ» հայտարարություններն Ադրբեջանի հասցեին «հակասում են ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների ոգուն»։

Նշենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով։

Բիլզերյանը Հայաստան էր ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էին լրագրողներն ու երկրպագուները։ Նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ, զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։ Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցում էին երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։ Օգոստոսի 27-ին նրանք մեկնել էին Սևան, որտեղ Բիլզերյանի ընկերուհին լուսանկարվել էր Սիրուշոյի հետ։ Ամերիկահայ միլիոնատերը Հայաստանից Թաիլանդ է մեկնել օգոստոսի 29-ին։