ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. «Նույնիսկ այս շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը ցույց է տվել, որ ավելի կոնստրուկտիվ է, քան Ադրբեջանը». Tert.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
Հիշեցնենք՝ Ալիևն ասել էր, թե ակնկալում է, որ Փաշինյանը բանակցություններում «կոնստրուկտիվ լինի»:
«Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով խաթարելով բանակցային գործընթացի առաջընթացի համար համապատասխան պայմանների ստեղծումը»,- ասել է Տիգրան Բալայանը:
Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով թուրքալեզու ժողովուրդների խորհրդի 6-րդ գագաթնաժողովում, հայտարարել էր, թե հույս ունի, որ Հայաստանի նոր իշխանությունները կառուցողական քաղաքականություն կիրականացնեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, «մեր տարածքները կազատագրվեն և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»: